Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Factor TV-ի հարցին ի պատասխան նշել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը վերաբերում է վառելիքի ներմուծման ոլորտում ենթադրյալ հարկային խախտումներին։
«Գործն այս պահին քննվում է, խոսքը վերաբերում է նաև 19 կամ 24 թվականներին: Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի մասին է խոսքը, որը նախկինում է բացահայտվել, և այդ դեպքով վաղուց քրեական գործ կա հարուցված: Քննչական կոմիտեի քննության արդյունքում առաջացել է այս գործողության անհրաժեշտությունը»,- ասել է Հակոբյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք պատահականություն է, որ քրեական հետապնդման մասին հայտնի դարձավ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, Հակոբյանը նշել է, որ նման զուգադիպություն չկա, և ցանկացած քրեական գործով որոշակի հասունության փուլում լինում են նմանատիպ գործողություններ։
ՊԵԿ նախագահը հրաժարվել է գնահատել ընդդիմության պնդումները, թե գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ և կապված է ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հետ։ Նրա խոսքով՝ հարկային մարմիններն ուսումնասիրում են տնտեսվարողների գործունեությունը, այլ ոչ թե անձանց քաղաքական ակտիվությունը։
«Մենք սովորաբար, երբ բացահայտում ենք խնդիրը, դրա միտումնավորությունը պարզելու համար հաղորդում ենք ներկայացնում, և քրեական գործի շրջանակներում է բացահայտվում այդ միտումը: Սա սովորական քրեական գործընթացի մաս է, իսկ մանրամասները մեր տիրույթում չեն»,- ավելացրել է ՊԵԿ նախագահը։
Հարցին՝ արդյոք այս որոշումը կապ ունի քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, թե 3 քաղաքական ուժերի առաջնորդներ ենթարկվելու են քրեական պատասխանատվության, Հակոբյանը պատասխանել է, որ վարչապետը, նման հայտարարություններ անելիս, տեղյակ է գործերից, որոնք կարող են նման արդյունքի հանգեցնել։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ընտրություններից երկու օր անց, հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:


