Երևանի 2025 թվականի բյուջեի փաստացի եկամուտները գրանցվել են 148 միլիարդ 517 միլիոն դրամ՝ ապահովելով 100.5 տոկոս կատարողական։ Սեփական եկամուտները գերազանցել են նախատեսվածը մոտ 9 տոկոսով՝ հասնելով 96 միլիարդ 596 միլիոն դրամի։ Այս ցուցանիշը 25 միլիարդ 396 միլիոն դրամով ավելի է, քան 2024 թվականի փաստացի հավաքագրումը։
Մայրաքաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 12-ին ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերն ու ֆինանսական տվյալները Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։
2025 թվականի բյուջեի շրջանակում կատարվել է 147 միլիարդ 825 միլիոն դրամի աշխատանք, որը կազմում է նախատեսված ծախսային հոդվածների 95 տոկոսը։ Իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր։ Մասնավորապես, ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառյալ միջին նորոգման և փոսալցման աշխատանքներին, հատկացվել է 4 միլիարդ դրամ։
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կատարվել է 45 նոր տրոլեյբուսների արժեքի 30 տոկոս կանխավճարը, մնացած գումարը կտրամադրվի ընթացիկ տարում։ Քաղաքապետը հայտարարել է, որ Երևանում այլևս հին տրանսպորտային միջոցներ չեն շահագործվում, փոխարինվել են բոլոր հին «Գազելները», և ձեռք է բերվել 749 նոր ավտոբուս, ինչպես նաև 75 նոր տրոլեյբուս։ Երևանի քաղաքապետարանը նաև սուբսիդիաներ է տրամադրել տրանսպորտային ընկերություններին։
Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ։ Բացի այդ, 2025 թվականին ավարտվել է «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագծման փուլը, և աշխատանքները շարունակվում են։
Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին ուղղվել է մոտ 13.7 միլիարդ դրամ։ Աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների, այդ թվում՝ դիալ մաքրման աշխատանքների համար ծախսվել է 6.3 միլիարդ դրամ։
Իրականացվել են նաև այլ նախատեսված ծրագրեր և միջոցառումներ։ Զեկույցից հետո Տիգրան Ավինյանը պատասխանել է պատգամավորների հարցերին։


