Իսրայելը մտավախություն ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններն օգտագործում է միջուկային ծրագիրն առաջ մղելու համար

1 Min Read

Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հուշագրի շրջանակներում նախատեսված 60-օրյա բանակցությունները կօգտագործի միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ իր աշխատանքները շարունակելու համար։ Այս մասին հայտնում է «Channel 12» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ նույն աղբյուրների՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մտադիր չէ ԱՄՆ-ի հետ վերջնական միջուկային համաձայնագիր կնքել։ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները «Channel 12»-ին հայտնել են նաև, որ Թեհրանը կձգձգի գործընթացը։ Նրանց կարծիքով՝ բանակցությունների համար նախատեսված 60 օրը կդառնա շատ ավելի երկար ժամկետ։

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքի զրուցակիցները նշում են, որ հստակ չէ, թե ինչ է ներառված Վաշինգտոնի և Թեհրանի փոխըմբռնման հուշագրում։ Դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և իրանցի պաշտոնյաների հակասական հայտարարություններով։

Այս համատեքստում աղբյուրներն ուշադրություն են հրավիրում իրանական կողմի հայտարարությանը։ Ըստ դրա՝ համաձայնագիրը Թեհրանին թույլ կտա ինքնուրույն որոշել Իրանում հարստացված ուրանի նոսրացման հարցը։

Իսրայելցի փորձագետները, վերլուծելով գործարքի տվյալները, կասկածամտորեն են մոտենում Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հեռանկարներին։ Շատերի կարծիքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրը ավելի ամուր երաշխիքներ էր պարունակում։ Այն սահմանափակում էր այդ ծրագիրը և կանխում ռումբի ստեղծումը, հայտնում է «Channel 12»-ը։

Share This Article