Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։ Նրանց գլխավորել են գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը և գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանը։
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Այնտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբ՝ վարչության պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսում եղել է մոտ 18 ուղևոր։ Նրանց մեծ մասը երեխաներ էին։ Ուղևորները «Տելակ» ամառային ճամբարից գնում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։

