Դերասանուհի Քնարիկ Զաքարյանը «Ռանդևու» հաղորդման ընթացքում խոսել է իր կյանքի դժվարությունների, ընտանիքի և այն մարդկանց մասին, որոնք փոխել են իր կյանքը։
Նա խոստովանել է, որ իր մանկությունը հեշտ չի եղել։ 90-ականների աղքատությունն ու ցուրտ տարիները հիշում է որպես ընտանեկան ջերմության խորհրդանիշ։ Զաքարյանը պատմել է, որ կարտոֆիլը եփում էին լամպի ջերմությամբ՝ այն համարելով աշխարհի ամենահամեղ ուտելիքը։
Դերասանուհու կյանքում ամենածանր շրջանը ծնողների բաժանումն էր։ Նա հիշում է մոր տառապանքը, որը գիշերներով քայլում էր տան մեջ։ Քնարիկի խոսքով՝ այդ ապրումներն օգնել են իրեն՝ որպես դերասանուհի, ավելի խորությամբ հասկանալ մարդկային ցավը՝ նշելով, որ շատ կերպարներում խաղացել է մորը։
Չնայած ծնողների ամուսնալուծությանը, մայրը երբեք չի թույլատրել, որ երեխաները ատեն հորը՝ միշտ հիշեցնելով, որ հայրն իրենց կյանքի կարևոր մասն է։ Թեև երկար տարիներ չէր կարողանում ներել հորը, այսօր ասում է, որ ներումն ազատություն է։
Զաքարյանը հուզմունքով խոսել է նաև ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մասին, ում համարում է իր կյանքի ամենամեծ ուսուցիչներից մեկը։ Մկրտչյանն է ձևավորել իր մասնագիտական ինքնավստահությունը՝ նրան ասելով, որ թատրոնի պրիմա դերասանուհին է։ Քնարիկի հարսանիքը սկսվել է Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնից, որը նա համարում է իր տունը։
Դերասանուհին խոստովանել է, որ կյանքում եղել է պահ, երբ ստիպված է եղել ընտրել ընտանիքի և մասնագիտության միջև՝ ընտրելով թատրոնը։ Նա նշել է, որ չի կարող լինել միայն տնային տնտեսուհի։
Ամուսնու՝ Կարենի մասին խոսելիս Քնարիկ Զաքարյանը նշել է, որ իրենց հարաբերությունների հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն են։ Նա երբեք չի ընդունի դավաճանությունը և երջանկություն է համարում, որ ամուսնու աչքերում մինչ օրս տեսնում է նույն սերը։
Քնարիկը չի սիրում երկար նեղացած մնալ և եթե մեղավոր է, առաջինն է ներողություն խնդրում։ Նա չի կարողանում տանել տանը ծանր մթնոլորտ։ Բլից հարցերի ժամանակ դերասանուհին ասել է, որ կյանքի ամենամեծ վախը հարազատ մարդկանց կորուստն է։ Ամենամեծ կարոտը վերաբերում է տատիկին՝ Ածիկին, ում մասին խոսելիս արցունքները չի զսպել։

