Իրանական գազի ներկրումը Հայաստան կարող է կրկնապատկվել. Երևանը հավանություն է տվել առաջարկին

2 Min Read

Armtimes — Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել Իրանից գազի ներկրման ծավալները՝ ընդունելով Թեհրանի ներկայացրած նոր առաջարկը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Իրան կատարած այցից հետո հայտնել է, որ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող ծրագրի շրջանակում մատակարարումները հնարավոր է առնվազն կրկնապատկել։

Կողմերը բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ տեխնիկական և գործնական հարցերի մանրամասն քննարկումը կտեղափոխվի առաջիկայում ձևավորվելիք աշխատանքային խմբերի դաշտ։ Խուդաթյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է ավելի շատ գազ, իսկ Իրանին՝ ավելի շատ էլեկտրաէներգիա, ընդ որում՝ գործող գազատարի հզորությունը թույլ է տալիս սպասարկել զգալիորեն ավելի մեծ ծավալներ, քան ներկայումս հոսող գազն է։

Նախարարն ընդգծել է, որ գործարքի ընդլայնումը երկուստեք շահավետ է, քանի որ ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Իրան-Հայաստան գազատարը և կառուցվող 400 կիլովատ հզորությամբ բարձրավոլտ գիծը, հնարավորություն են տալիս ոչ միայն կրկնապատկել, այլև է՛լ ավելի մեծացնել փոխանակման ծավալները։ Այժմ հիմնական շեշտը դրված է բարձրավոլտ գծի ավարտի վրա, որի շինարարությունը տևական ժամանակ է՝ ձգձգվում է։ Պաշտոնական Երևանը հույս ունի, որ կապալառուի և իրանական կողմի հավաստիացումների համաձայն՝ նախագիծը վերջնական տեսքի կբերվի մինչև տարվա վերջ։

Ներկայումս Իրան-Հայաստան գազատարը, որն ունի տարեկան ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր գազ փոխադրելու հնարավորություն, օգտագործվում է իր հզորության չնչին մասով միայն։ Անցած տարի Հայաստան է ներկրվել ընդամենը 480 միլիոն խորանարդ մետր գազ, որը ծրագրի համաձայն՝ ամբողջությամբ վերածվում է էլեկտրաէներգիայի և արտահանվում Իրան՝ չհասնելով հայաստանյան սպառողին։ Նոր գծի շահագործումը թույլ կտա ավելացնել այդ գործարքի արդյունավետությունը՝ Հայաստանին հնարավորություն տալով ստանալ ավելի մեծ քանակությամբ գազային պաշարներ։

Share This Article