Radar.am — Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական օլիմպիադայում հայ պատանիները հիանալի արդյունքներ են գրանցել։ Մրցույթին, որն անցկացվում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափով, մասնակցել են 25 երկրի 100 աշակերտներ, որոնք երկու օրվա ընթացքում լուծել են բարդ ծրագրավորման առաջադրանքներ։
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին չորս աշակերտներ՝ Մամիկոն Համբարյանը, Հայկ Ադամյանը, Վաչե Քոչարյանը և Լևոն Հայրապետյանը, որոնք ներկայացնում էին հանրապետության տարբեր կրթական հաստատություններ։ Մեր թիմը վերադարձել է երկու արծաթե և երկու բրոնզե մեդալներով։ Մասնավորապես՝ Վաչե Քոչարյանն ու Մամիկոն Համբարյանն արժանացել են արծաթե, իսկ Լևոն Հայրապետյանն ու Հայկ Ադամյանը՝ բրոնզե պարգևների։
Հաջողության հիմքում ոչ միայն աշակերտների գիտելիքներն էին, այլև թիմի ղեկավարներ Ալեքս Գրիգորյանի և Տիգրան Մացակյանի տարած աշխատանքը։ Օլիմպիադայի միջազգային կոմիտեում Հայաստանը ներկայացրել է Արմեն Անդրեասյանը։ Նախորդ տարի Բուլղարիայում անցկացված նմանատիպ մրցույթում մեր թիմը նվաճել էր մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ, ինչը վկայում է հայ պատանի ծրագրավորողների կրթական մակարդակի շարունակական աճի մասին։

