ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշն իջել է մինչև 33 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է համապատասխան հարցումների անցկացման ողջ ընթացքում։ Ընդամենը մեկ ամսում այս ցուցանիշը նվազել է երեք տոկոսային կետով։ Նույնիսկ Հանրապետական կուսակցության աջակիցների շրջանում նախագահի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին՝ կազմելով 72 տոկոս, ինչը նախորդ ամսվա համեմատ ավելի քան երկու տոկոսային կետով ցածր է։
Աջակցության նման կտրուկ անկման գլխավոր պատճառը քաղաքացիների դժգոհությունն է տնտեսության վիճակից և ապրանքների ու ծառայությունների շարունակական թանկացումից։ Հարցված ամերիկացիների գրեթե երկու երրորդը վստահ է, որ երկրի տնտեսական ընթացքն ընտրված է սխալ, իսկ 57 տոկոսն ուղղակիորեն հայտարարել է, որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում իրենց անձնական ֆինանսական վիճակն էապես վատթարացել է։ Հանրապետականների շրջանում ևս նկատելիորեն թուլացել է վստահությունը նախագահի տնտեսական քայլերի նկատմամբ․ տնտեսության և զբաղվածության ոլորտներում նրա գործողությունների հավանությունը մեկ ամսում նվազել է 8 կետով՝ հասնելով 53 տոկոսի։
Բացի այդ, ընտրողների մեծամասնությունը բացասաբար է գնահատում նաև նախագահի որդեգրած առևտրային քաղաքականությունը։ Օրինակ, հարցվածների 56 տոկոսը դեմ է արտահայտվել կանադական ապրանքների նկատմամբ 50-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու որոշմանը, որը վերաբերում է մոտ 20 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությանը։ Պաշտոնական Օտտավայի պատասխան քայլերն էլ ավելի սրեցին առևտրային հակամարտությունը և բնակչության շրջանում լրացուցիչ մտահոգություններ առաջացրին գների հետագա աճի վերաբերյալ։
Ստեղծված իրավիճակում Թրամփը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ հանրապետականների համար նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններում։ Քվեարկողների 46 տոկոսի կարծիքով նախագահի գործոնը նվազեցնում է իր կուսակցության թեկնածուների հաղթանակի շանսերը։ Անկախ ընտրողների 47 տոկոսն էլ նշել է, որ Թրամփի աջակցությունը որևէ թեկնածուի spասվածից ավելի քիչ հրապուրիչ է դարձնում վերջինիս օգտին քվեարկելը։
Փոխարենը դեմոկրատներն աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերը։ Գրանցված ընտրողների շրջանում նրանք արդեն ունեն 7,5 տոկոսային կետի առավելություն, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ այդ տարբերությունը 5 կետ էր։
Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 1914 գրանցված ընտրողների մասնակցությամբ։ Հնարավոր սխալի սահմանը կազմում է 2,6 տոկոսային կետ։
Թրամփի վարկանիշի անկումը պարզապես վիճակագրական ցուցանիշ չէ, այլ լուրջ ազդակ առաջիկա քաղաքական զարգացումների համար։ Հիմնական դժգոհությունը կենտրոնացած է սոցիալ-տնտեսական խնդիրների և առևտրային սահմանափակումների շուրջ, որոնք անմիջականորեն ազդում են շարքային քաղաքացիների գրպանի վրա։
Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է Հանրապետական կուսակցության համար նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից առաջ։ Նախագահի ցածր վարկանիշը կարող է վանել անկախ ընտրողներին, ինչից արդեն իսկ օգտվում են դեմոկրատները՝ մեծացնելով իրենց առավելությունը։ Հաջորդ ամիսներին առանցքային է լինելու այն, թե արդյոք Սպիտակ տունը կվերանայի իր տնտեսական քայլերը, թե կուսակցությունը ստիպված կլինի նախընտրական պայքարում տարանջատվել նախագահի կերպարից։

