Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի մնացած բոլոր գործող ավիաընկերությունների նկատմամբ՝ էապես մեծացնելով ճնշումն իրանական ավիացիոն ոլորտի վրա։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 8-ին պատժամիջոցների ցուցակում է ներառել 36 թիրախ, այդ թվում՝ իրանական 27 ավիաընկերություն, ինչպես նաև մի շարք օտարերկրյա ընկերություններ ու մեկ անձի, ովքեր մեղադրվում են Իրանի ավիացիոն ցանցերին ինքնաթիռներ, պահեստամասեր և տեխնոլոգիաներ մատակարարելու մեջ։ Թեհրանի նկատմամբ օգոստոսի 24-ին «տնտեսական պատերազմ» հայտարարելուց հետո սա Վաշինգտոնի առաջին նման մասշտաբային քայլն է, որի նպատակն է սահմանափակել Իրանի կողմից ավիացիայի օգտագործումը զենք, անձնակազմ և ապօրինի բեռներ տեղափոխելու համար։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նախազգուշացրել է, որ ցանկացած կողմ, որը գործարքներ կկնքի պատժամիջոցների տակ հայտնված իրանական ավիաընկերությունների հետ, ռիսկի է դիմում լիովին կտրվելու համաշխարհային ֆինանսական համակարգից։ Իր հերթին, Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Պիգոթը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է փակել իրանական ռեժիմի ֆինանսական բոլոր ուղիները։
Սահմանափակումների տակ են հայտնվել Iran Aseman Airlines-ը, Iran Airtour-ը, Kish Airlines-ը, Qeshm Air-ը, Karun Airlines-ը, Sepehran Airlines-ը և մի շարք այլ ընկերություններ։ Սահմանված պատժամիջոցներից ժամեր անց կողմերի միջև իրավիճակը կտրուկ սրվել է. ԱՄՆ-ն հայտարարել է իրանական 5 լցանավ ոչնչացնելու մասին, իսկ Իրանը հաղորդել է Հորմուզի նեղուցում 10 նավի հարվածելու մասին, որոնցից 2-ը, ըստ թեհրանյան կողմի, ամերիկյան են եղել։
ԱՄՆ-ի այս քայլը փաստացի ամբողջացնում է Իրանի քաղաքացիական ավիացիոն ոլորտի տնտեսական շրջափակումը։ Օդային հաղորդակցության սահմանափակումները ոչ միայն հարվածում են Թեհրանի ռազմալոգիստիկ հնարավորություններին, այլև էապես խորացնում են երկրի տրանսպորտային մեկուսացումը արտաքին աշխարհից։
Ուշագրավ է, որ պատժամիջոցների հայտարարմանը գրեթե անմիջապես հետևել է ուղղակի ռազմական էսկալացիան ծովում։ Սա ցույց է տալիս, որ տնտեսական ճնշման գործիքակազմն ու ռազմական դիմակայությունն արդեն ընթանում են զուգահեռ հունով, ինչը մեծացնում է տարածաշրջանում լայնամասշտաբ բախումների ռիսկը։

