Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանի և նրա հետ փոխկապակցված անձանց 2022–2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս ֆինանսական և գույքային պատկեր, որտեղ դատավորի աշխատավարձին զուգահեռ առկանում են խոշոր խաղային շահումներ, արտասահմանյան պայմանագրային մուտքեր և պաշտպանված բովանդակությամբ ծախսեր։ Ուսումնասիրությունն արվել է բացառապես պաշտոնապես հրապարակված հայտարարագրերի հիման վրա՝ համեմատական մեթոդով։
Աշխեն Ղարսլյանը հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հուլիսին։ 2024 թվականի հայտարարագիրը նա ներկայացրել է 2025 թվականի մայիսի 28-ին՝ ընտանիքի անդամների բաժնում նշելով միայն անչափահաս զավակին, իսկ մայիսի 31-ին Սերգեյ Բարսեղյանն ինքն է հայտարարագիր ներկայացրել որպես նույն դատավորի ընտանիքի անդամ։ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին գործարկված Հայտարարատուների նոր ռեեստրում Սերգեյ Բարսեղյանի անունը ներառված է դատավորի ընտանիքի նախկին կազմում։ Այս տարբերության իրավական պատճառը միայն հրապարակային փաստաթղթերից պարզել հնարավոր չէ։ 2025 թվականին որպես համատեղ բնակվող չափահաս անձ ավելացել է նաև Կարինե Հարթենյանը։
Գույքի մասով դատավորը շարունակում է սեփականության իրավունքով տնօրինել 2021 թվականին ձեռք բերված Երևանի բնակարանը և համատեղ սեփականության իրավունքով՝ 2003 թվականին ձեռք բերված Շիրակի մարզի Գտաշեն բնակավայրի երեք հողամասերը, որոնցից երկուսը 2025 թվականին արդեն նշված են որպես բաժնային՝ 1/5 և 1/4 բաժիններով։ 2025 թվականին Ռուբեն Ղարսլյանից ժառանգության կարգով նրան անցել են Ամասիա համայնքում գտնվող բակարանը, նույն բնակավայրի անհատական բնակելի տան երկու երրորդ բաժնեմասը, ինչպես նաև Գտաշենի երկու հողամասերի բաժնային սեփականություններ՝ 1/2 և 2/5 բաժիններով։
Հայտարարագրերի պատկերը հետաքրքիր է ոչ թե առանձին թվերով, այլ այն հանգամանքով, որ եկամտի հիմնական աղբյուրներից մեկը՝ խաղային շահումը, հայտարարագրման կարգով արտացոլվում է միակողմանի։ Օրենքը պահանջում է նշել ստացված գումարը, բայց ոչ խաղադրույքներն ու կորուստները, ուստի հրապարակային փաստաթղթերով հնարավոր չէ հասկանալ՝ այդ 35,9 միլիոն դրամը զուտ շահո՞ւմ է, թե՞ ավելի մեծ շրջանառության մի մասը։
Նույն տրամաբանությունը վերաբերում է 2024 թվականի 22,8 միլիոն դրամի ծախսին, որի բովանդակությունը պաշտպանված է։ Հայտարարագրային համակարգը նման դեպքերի համար նախատեսում է իրավիճակային հայտարարագիր, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և չի հրապարակվում, սակայն նման պահանջ ներկայացվել է, թե ոչ՝ հայտնի չէ։
Առանձին ուշադրության է արժանի «Աուռաս» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ երկու հայտարարագրերում մեկ և նույն փաստի արտացոլումը տարբեր է, և այդ անհամապատասխանությունը, ըստ հրապարակային տվյալների, դեռևս լուծված չէ։

