ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով քաղաքական զարգացումների և ընդդիմությունում իր դերի մասին, ասել է, որ, հավանաբար, իրեն վիճակված է «շատ կարևոր դեր խաղալ երկիրն արատավոր իշխանությունից ազատելու գործում», հայտնում է Panarmenian.net-ը՝ հղում անելով Yerevan.Today-ին։

Նա նշել է՝ կարելի է պնդել, որ «կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: 2020-ին կավարտվի նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորումը, ինչպես նաև կորոշվի օրակարգը, որն ունակ կլինի համախմբելու քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին:
ՀՀ երկրորդ նախագահը հավելել է, որ իր էությամբ ու գործողություններով իշխանությունն իրեն վերադարձրեց քաղաքականություն, իսկ անազատության մեջ պահելով՝ հաջողությամբ դարձնում է իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ:
Նա նշել է նաև, որ խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, «կառավարության թերհաս կցորդն է», որն «ունակ չէ կատարել գործադիր իշխանության վերահսկողության սահմանադրական գործառույթը»։

Քոչարյանի խոսքով՝ քաղաքական գործընթացներն ընթանում են ԱԺ-ից դուրս, որտեղ էլ ձևավորվում է երկրի քաղաքական օրակարգը։ Նա հավելել է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժամանակի հրամայականն ու գլխավոր քաղաքական պահանջն են դառնալու:
ՀՀ երկրորդ նախագահը գտնվում է կալանքի տակ: Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

