«Առնվազն մեծամասնությունը ձեզ չի քվեարկել։ Կես միլիոնից ավել մարդ քվեարկել է ընդդիմությանը»․ Իշխան Սաղաթելյան

2 Min Read

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ ընտրակեղծարարն ու ոչ լեգիտիմ սուբյեկտը հենց ինքը և իր քաղաքական թիմն են, և այս փաստի հետ վարչապետը ստիպված կլինի հաշվի նստել։

Ըստ Սաղաթելյանի՝ Փաշինյանը խուսափում է ընտրությունների երկու կարևոր իրողություն ընդունելուց։ Առաջին՝ չնայած աննախադեպ արտաքին աջակցության կամ միջամտության, ինչպես նաև պետական ու վարչական ռեսուրսների աննախադեպ կիրառման ու բազմաթիվ անօրինությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չկարողացավ ստանալ ընտրողների ձայների 50%-ը։ Երկրորդ՝ աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական ու տեղեկատվական ահաբեկչության պայմաններում խորհրդարանական շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը կարողացան հավաքել կես միլիոնից ավելի քվե։ Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետը հրաժարվում է ընդունել այս փաստերը՝ հայտարարելով, թե ընդդիմության ձայները կեղծված են, և այն լեգիտիմ չէ։

Ընդդիմադիր գործիչը նաև նշում է, որ իշխանության «ձեռագիրը» մնացել է նույնը. Արցախը հանձնել, մեղքը բարդել նախկինների վրա, ընտրությունները կեղծել և դրա համար մեղադրել ընդդիմությանը։ Նրա կարծիքով՝ այս ամենի նպատակը պատասխանատվությունից խուսափելն ու մեղքը ուրիշների վրա բարդելն է։ Սաղաթելյանը հարց է բարձրացնում, թե ինչու է Փաշինյանն իրենց «հանցավոր ռեժիմի» անդամներին SMS հաղորդագրություններով հրահանգում հայտարարել ընդդիմության ստացած քվեն կեղծված՝ հետագայում ընդդիմության, ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նրանց ղեկավարների նկատմամբ կատարվող հանցագործություններն ու ապօրինությունները արդարացնելու համար։ Նա եզրափակում է՝ հայտարարելով, որ այդ մոտեցումը չի հաջողվի, և իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ, քանի որ կես միլիոնից ավելի քաղաքացի քվեարկել է ընդդիմության օգտին, ինչը նշանակում է, որ մեծամասնությունը չի քվեարկել իշխանություններին։

Share This Article