Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ին ստորագրված որոշմամբ՝ Աննա Հակոբյանը 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)։ Այցի նպատակն է մասնակցել Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի չորրորդ ամենամյա միջոցառմանը։

Գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է վարչապետի աշխատակազմը։ Դրանք ներառում են օրապահիկները՝ հունիսի 29-ից հուլիսի 3-ը Նյու Յորքում և հուլիսի 4-ին՝ տարանցիկ վայրում (Վիեննա), ինչպես նաև գիշերավարձը՝ հունիսի 29-ից հուլիսի 3-ը Նյու Յորքում։

Հատկանշական է, որ այս որոշումը հաջորդում է փետրվարի 27-ին Աննա Հակոբյանի արած հայտարարությանը, երբ նա հայտնեց Նիկոլ Փաշինյանի հետ իր ամուսնության ավարտի և կառավարական առանձնատունը լքելու մասին։ Այն ժամանակ վարչապետը հարգանք էր հայտնել Աննա Հակոբյանի որոշման նկատմամբ։ Սակայն, ապրիլի 19-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի, նրան ուղեկցում էր Աննա Հակոբյանը, ինչը հանրային տարբեր քննարկումների առիթ դարձավ։

Ապրիլի 23-ի ճեպազրույցի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ջանքեր է գործադրել իրենց ընտանիքը պահպանելու համար։ Նա պարզաբանել էր, որ թեև հարգանքով է վերաբերվել Աննա Հակոբյանի որոշմանը, սակայն հաշտ չի եղել դրա հետ։ Փաշինյանը նաև ուրախություն էր հայտնել, որ իրենց ընտանիքը ևս մեկ հնարավորություն ունի։

Share This Article