Ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի եւ աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին. «Միասնության թեւեր»

1 Min Read

«Միասնության թեւեր» կուսակցությունը հայտարարում է, որ 2026թ. խորհրդարանական ընտրություններն անցել են անհավասար, անարդար ու խեղված՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահման, պետական համակարգի՝ ՔՊ-ին ծառայեցման և այլ անօրինությունների հետևանքով։ Այս սխեման բնորոշ է ամբողջատիրական ռեժիմներին։

Պաշտոնյաները ճնշում էին քաղաքացիներին, հատկապես պետական աշխատակիցներին, պարտադրելով մասնակցել ՔՊ-ի հավաքներին՝ սպառնալով աշխատանքից ազատելով։ Կուսակցությունը հրապարակել է ձայնագրություններ և դիմել իրավապահներին, սակայն արձագանք չի եղել։ Ընդդիմադիրների դեմ վարչապետի հրահանգով իրավապահները գործել են կայծակնային արագությամբ։

Ընտրակաշառքի հիմնական կիրառողը ՔՊ-ն էր՝ պետբյուջեն օգտագործելով։ ՔՊ-ի առաջնորդը պատերազմի վախ սերմանեց՝ ապօրինի ազդելով ընտրողների կամքի վրա։ Քարոզարշավն ուղեկցվել է վիրավորանքներով, սպառնալիքներով, ատելության խոսքով՝ զրկելով քաղաքացիներին գիտակցված ընտրությունից։ Եղել են նաև օտար մայրաքաղաքների միջամտություններ, ինչը խորացրել է հասարակության պառակտումը։

Նիկոլ Փաշինյանը քվեարկության ավարտից անմիջապես հետո հայտարարեց ՔՊ-ի հաղթանակի մասին՝ ընդամենը 10%-ի հաշվարկման պայմաններում։ ԿԸՀ-ի կայքի թարմացումներն անկանոն էին, թվերը՝ անհասկանալիորեն փոփոխվում։ Կուսակցությունը նրա հայտարարությունը համարում է հակասահմանադրական ճնշում ԿԸՀ-ի վրա, իսկ ընդդիմադիրներին սպառնալը՝ իրավապահներին ուղղված հրահանգ։

Կուսակցությունը համոզված է, որ ՔՊ-ն չի ստացել իրեն վերագրվող աջակցությունը։ Այս անօրինականություններով ձևավորված ԱԺ-ն լեգիտիմության պակաս կունենա, վտանգելով իշխանության վերարտադրությունը։ «Միասնության թեւեր»-ը մերժում է ԿԸՀ-ի հունիսի 14-ի արդյունքները՝ դրանք համարելով ապօրինի և քաղաքացիների կամքը չարտացոլող։ Պայքարը կշարունակվի իրավական, քաղաքական և բոլոր օրինական միջոցներով։

Share This Article