Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ

1 Min Read

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է, որ մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ուղղված կենսաբանական պայքարի միջոցառումները։

Նախարարի տեղեկացմամբ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը օդային ճանապարհով կենսաբանական մշակումներ է իրականացնում Վայոց Ձորի, Կոտայքի (մասնավորապես՝ Հրազդանի հատվածում) և Արագածոտնի մարզերի անտառներում։ Այս քայլի նպատակն է պաշտպանել ծառերը տերևակեր վնասատուներից։ Ընդհանուր առմամբ, մշակման է ենթարկվելու մոտ 9000 հեկտար անտառատարածք։

Միջոցառումների ընթացքում կիրառվում են բացառապես շրջակա միջավայրի համար անվտանգ կենսաբանական նյութեր։ Դրանք օգնում են պահպանել անտառային էկոհամակարգերի առողջությունը և նպաստում են կենսաբազմազանության պաշտպանությանը։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ անտառների պահպանության համար կարևոր է ոչ միայն արձագանքել առկա խնդիրներին, այլև կանխարգելել դրանց խորացումը։ Նրա խոսքով՝ կենսաբանական պայքարի նմանատիպ միջոցառումները հանդիսանում են այդ կանխարգելիչ մոտեցման արդյունավետ լուծումներից։

Աշխատանքները նախատեսվում է շարունակել մինչև հունիսի 30-ը։ Այս մասին տեղեկությունը նախարարը հրապարակել է իր սոցիալական ցանցի էջում։

Share This Article