Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, Ազգային ժողովում ներկայացնելով վարորդական իրավունքը կորցրած անձանց համար դրա վերականգնման նոր մոդելը, հայտարարել է, որ առաջարկվող օրինագիծը չի ընդգրկում դատարանի վճռով վարորդական իրավունքից զրկման դեպքերը, որոնք սովորաբար վերաբերում են ավելի ծանր խախտումներին։
Ներկայումս վարորդական իրավունքից զրկված անձինք որոշակի ժամանակահատվածում չեն կարող մեքենա վարել, որը սովորաբար մեկ տարի է, իսկ առանձին դեպքերում՝ երկու տարի։ Կառավարության նոր առաջարկով, զրկման ժամկետի ավարտից հետո, անձինք կկարողանան ավտոմատ կերպով վերականգնել իրենց վարորդական իրավունքը՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։ Իրավունքի վերականգնումից հետո մեկ տարվա ընթացքում վարորդներին կհատկացվի 6 բալանոց սահմանափակ միավորային համակարգ։
Փոխնախարարը նշել է, որ նախագծի պոտենցիալ շահառու է համարվում 16,026 վարորդ, սակայն հնարավոր է՝ ոչ բոլորն օգտվեն այդ հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, 1,087 անձ չի կարողանա օգտվել ծրագրից, քանի որ նրանց վարորդական իրավունքից զրկել են այլ պետությունների կամ Հայաստանի Հանրապետության դատարանների որոշումներով։

