Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

1 Min Read

Կառավարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի գրանցման համակարգի արդիականացմանն ուղղված քայլերը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է կոմիտեի կողմից իրականացված մեծածավալ աշխատանքները՝ անշարժ գույքի, դրանց նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների գրանցման ինստիտուտը վերափոխելու ուղղությամբ։ Նրա զեկույցում անդրադարձ է կատարվել գործող օրենսդրական կարգավորումների ռիսկերին՝ կապված սեփականության իրավունքների պաշտպանության և երաշխավորման հետ, ինչպես նաև գրանցված գույքի օտարման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման ընթացակարգերում առկա խնդիրներին։ Քննարկվել է նաև չգրանցված գույքի գրանցման ընթացակարգը։ Ներկայացվել է նաև այլ երկրների փորձը տվյալ ոլորտի կարգավորումների վերաբերյալ։ Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումների հիմնական նպատակը վարչարարությունը պարզեցնելն ու սեփականության իրավունքի պաշտպանությունն ամրապնդելն է։ Այս նպատակներին հասնելու համար ներկայացվել են կոնկրետ առաջարկություններ։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի վերափոխման ծրագրերը՝ շեշտելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներն առավել արդյունավետ են, երբ սկսվում են փոքր, բայց հիմնավոր քայլերով։ Այս կապակցությամբ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց։

Share This Article