Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ

2 Min Read

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը և Հասմիկ Հակոբյանը նախաձեռնել են փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում» և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում։ Նրանց առաջարկի համաձայն՝ համապետական ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցելու համար, բացի ՀՀ քաղաքացիությունից, կարևորվելու է նաև անձի՝ Հայաստանի հետ «իրական, բովանդակային կապը», այսինքն՝ երկրում փաստացի բնակությունը։

Առաջարկվող կարգավորմամբ՝ քաղաքացին քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ պետք է նախորդ 365 օրվա ընթացքում առնվազն 183 օր գտնված լինի Հայաստանում։ Արտահերթ ընտրությունների դեպքում այդ պահանջը կհաշվարկվի քվեարկության օրվան նախորդող 28-րդ օրվա դրությամբ։

Հեղինակները հիմնավորում են նախաձեռնությունը՝ նշելով, որ այն կհամապատասխանեցնի համապետական ընտրությունների կարգավորումները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործող տրամաբանությանը։ Նրանք ընդգծում են, որ եթե տեղական մակարդակում անձի ներգրավվածությունը համայնքի կյանքին կարևոր է, ապա նույն տրամաբանությունը պետք է կիրառվի նաև համապետական մակարդակում։ Ըստ պատգամավորների՝ գործող համակարգում բացակայում է քաղաքացի-պետություն կայուն կապն արտացոլող մեխանիզմը։

Բացի այդ, նրանք ընդգծում են, որ պետական իշխանության ձևավորմանը կամ կարևոր հանրային որոշումներին մասնակցող քաղաքացիները ազդում են երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտների վրա։ Այդ որոշումների անմիջական հետևանքները հիմնականում կրում են Հայաստանում բնակվող և հանրային կյանքին ներգրավված քաղաքացիները։ Այս տարբերակումը, նրանց կարծիքով, խաթարում է ընտրական համակարգի միասնականությունը։

Եթե նախագիծն ընդունվի, համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի համար Հայաստանի քաղաքացիությունը կլրացվի նաև երկրի տարածքում որոշակի ժամանակահատվածում փաստացի գտնվելու պահանջով։

Share This Article