Հունիսի 16-ին Ինդոնեզիայի կենտրոնում՝ Սուլավեսի կղզու մոտ, տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ։
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսիի Պալու քաղաքից 46 կիլոմետր հարավ-արևելք, իսկ օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա։ Սեյսմոլոգները գրանցել են նաև ավելի քան 460 հետցնցում՝ 1,3-ից մինչև 5,2 մագնիտուդով։
Antara լրատվական գործակալության տվյալներով, որը վկայակոչում է Տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությանը, երկրաշարժի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 76-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Նույն աղբյուրի համաձայն՝ վնասվել է 841 բնակելի շենք, երկու գրասենյակային շենք, 15 կրոնական կառույց, մեկ արդյունաբերական ձեռնարկություն և կամուրջ։ Տուժած շրջանների բնակիչներին ցուցաբերվում է բժշկական օգնություն, նրանց ապահովում են անհրաժեշտ պարագաներով։

