2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար

2 Min Read

Եվրոպական հանձնաժողովը գործարկել է Կապակցվածության օրակարգի հարթակը։ Այնուհետև, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ կնքվել են համաձայնագրեր՝ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար մինչև 2 միլիարդ եվրոյի ռազմավարական ներդրումներ ներգրավելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։

Հարթակը ներկայացվեց բարձր մակարդակի նախարարական հանդիպման ժամանակ։ Այն հյուրընկալել էին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ԵՄ միջազգային գործընկերությունների հարցերով հանձնակատար Յոզեֆ Սիկելան և ԵՄ կայուն տրանսպորտի հարցերով հանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։

Հանդիպմանը մասնակցել են ԵՄ անդամ պետությունների, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարները և բարձրաստիճան ներկայացուցիչները։ Մասնակցել են նաև G7-ի և միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ՝ Global Gateway ռազմավարության շրջանակում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգը խթանելու համար։

Կապակցվածության օրակարգի հարթակը կծառայի որպես շրջանակ մասնակից երկրների, միջազգային ֆինանսական հաստատությունների և շահագրգիռ այլ կողմերի համար։ Այն նպատակ ունի համակարգել ներդրումները և քաղաքական քայլերը տրանսպորտի, էներգետիկայի, թվային կապակցվածության և առևտրի ոլորտներում։

Տարածաշրջանի հետ համագործակցությունն ամրապնդելու համար մասնակիցները համաձայնեցին բարձրացնել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի գործառնական արդյունավետությունը։ Նրանք Եվրոպական հանձնաժողովին հրավիրեցին գնահատել միջանցքի գործունեությունը և առաջարկել առաջնահերթ գործողություններ՝ դրա մրցունակությունը բարձրացնելու համար։

Կապակցվածության օրակարգի իրականացմանն աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովը ստորագրել է մտադրությունների մասին հայտարարություններ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ։ Դրանց միջոցով ակնկալվում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումներ Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի և առևտրի դյուրացման նախագծերի համար։ Ներդրումները կբարելավեն միջսահմանային կապերը և կխթանեն առևտուրը միջանցքի երկայնքով։

Share This Article