Լորա Ֆրիմեն․ Իրական խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և բոլոր գերիներին ազատելու

2 Min Read

Այսօր լրացավ 1000 օր այն պահից, երբ հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Ադրբեջանում՝ ապօրինի կալանքի տակ։ Նրանք ենթարկվում են ահաբեկման, բռնության և մահապատժի սպառնալիքների։

Այս մասին Կապիտոլիումի բլուրում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Լորա Ֆրիմենը, ով ներկայացնում է երկրի ամենամեծ հայ-ամերիկյան համայնքը։ Նա հայտարարել է, որ աշխարհը չպետք է մոռանա այս բանտարկյալների և Արցախից բռնի տեղահանված բնիկ հայերի մասին։

Կոնգրեսականը նշել է, որ մի քանի տարի առաջ այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա տեսել է ծաղկուն, հնագույն հայկական համայնք և պատմական արտեֆակտներ՝ ներառյալ 4-րդ դարում կառուցված եկեղեցիներ։

«Միտքը, որ այս մարդիկ արմատախիլ են արվել իրենց հայրենիքից, ողբերգական է։ Պատմության այս հուշարձանները, որ կարևոր են ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար, այժմ պղծվում և ավերվում են Բաքվի կողմից՝ մշակութային-էթնիկ զտման շրջանակում։ Սա կոտրում է իմ սիրտը։ Մնացած աշխարհը չպետք է հանդուրժի սա»,– հայտարարել է Ֆրիմենը։

Նա հիշեցրել է, որ բազմամսյա պատանդառությունից հետո Ադրբեջանը կազմակերպել է ցուցադրական դատավարություններ՝ Արցախի ղեկավարների և գերիների նկատմամբ խիստ դատավճիռներ կայացնելով։ ԱՄՆ-ը և միջազգային գործընկերները հրաժարվում են անտեսել այս հանցագործությունները։

Լորա Ֆրիմենը մանրամասնել է Վաշինգտոնում իրավիճակը փոխելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նա իր գործընկերների հետ պաշտոնական դիմում է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ պահանջելով ապահովել բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձը Արցախ։

Կոնգրեսականը շարունակելու է պայքարել Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ խիստ պատժամիջոցներ սահմանելու, Լեռնային Ղարաբաղից փախստականներին մարդասիրական օգնությունն ավելացնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման համար։ Նա հանդես է եկել որպես Հայոց ցեղասպանության կրթության մասին դաշնային օրենքի համահեղինակ։

«Հայ ժողովուրդը վերապրել է ցեղասպանություն և տեղահանություններ, սակայն դիմացել է և շարունակում է ծաղկել։ Իրական խաղաղությունը չի կարող հաստատվել առանց հաշվետվողականության։ Այն պահանջում է Հայաստանի ինքնիշխանության, ինչպես նաև Արցախի բնիկ բնակչության իրավունքների ու ինքնորոշման բացարձակ հարգանք։ Մենք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ յուրաքանչյուր պատանդ ազատ չի արձակվել»,– ամփոփել է Լորա Ֆրիմենը։

Share This Article