ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատորները պահանջում են ստուգել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամի պատրաստման համար հատկացված միջոցները։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Դեմոկրատ սենատորները դիմել են Ֆինանսների նախարարության գլխավոր տեսուչի վարչություն՝ խնդրելով հետաքննել այն ծախսերը, որոնք նրանք անվանել են «250 դոլար անվանական արժեքով անօրինական թղթադրամ»։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ դրամական թղթադրամների և արժեթղթերի վրա կարող է պատկերվել միայն մահացած մարդու դիմանկար։
«Այն ժամանակ, երբ ամերիկացիները շարունակում են բախվել գների աճին, Ֆինանսների նախարարությունը պետք է կենտրոնացած լինի հրատապ տնտեսական խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե ռեսուրսներ հատկացնի մի բանի, որը նախագահի սնափառության համար անօրինական նախագծի տեսք ունի», – մեջբերում է հրատարակությունը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների նամակի տեքստը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը չի ձգտի շրջանառության մեջ դնել Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ, եթե Կոնգրեսը չաջակցի այդ քայլին։ The Washington Post թերթը հայտնել էր, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն առաջ է տանում գործող նախագահի պատկերով 250 դոլարանոց թղթադրամ ստեղծելու գաղափարը։ Եթե դա տեղի ունենա, Թրամփը կդառնա վերջին 150 տարվա ընթացքում առաջին մարդը, որը կենդանության օրոք կհայտնվի ամերիկյան թղթադրամի վրա։

