Անսպասելի բացահայտում. մարդն ու կապիկը ծիծաղում են գրեթե նույն ռիթմով արդեն մոտ 15 մլն տարի

1 Min Read

Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ խոշոր մարդանման կապիկները 15 միլիոն տարի առաջ ծիծաղել են մարդկայինին մոտ ռիթմով։ Այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։

Communications Biology ամսագրում հրապարակված աշխատանքում վերլուծվել են օրանգուտանների, գորիլաների, բոնոբոների, շիմպանզեների և մարդկանց ծիծաղի 140 դրվագի ձայնագրությունները։

Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր տեսակների մոտ ծիծաղի հնչյուններն առաջանում են հավասարաչափ, ռիթմիկորեն կարգավորված ընդմիջումներով։ Գիտնականները ենթադրում են, որ նման կառուցվածքը ձևավորվել է մարդու և մարդանման կապիկների ընդհանուր նախնու մոտ մոտավորապես 15 միլիոն տարի առաջ և գրեթե չի փոխվել։

Մարդկանց մոտ ծիծաղն ավելի արագ է, բազմազան և իրավիճակից կախված՝ ավելի ճկունորեն կառավարվող։ Մարդը կարող է գիտակցաբար վերահսկել ծիծաղը՝ սկսած խուտուտի նկատմամբ ակամա արձագանքից մինչև սոցիալական «քաղաքավարի» ծիծաղը զրույցի ընթացքում կամ նյարդային ծիծաղը սթրեսային իրավիճակում։

Հետազոտողների կարծիքով, ձայնային արձագանքների նկատմամբ վերահսկողության զարգացումը դարձել է խոսքի էվոլյուցիայի կարևոր փուլ։ Ծիծաղը՝ որպես վոկալացման ավելի հին ձև, եզակի հնարավորություն է տալիս հետևելու, թե ինչպես են աստիճանաբար ձևավորվել բարդ լեզվի առաջացման համար անհրաժեշտ հմտությունները։

Share This Article