Ինդոնեզիայի Աչեհ նահանգում մի կին դարձել է առաջին անձը, ով հրապարակային պատժի է ենթարկվել «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Դեպքը տեղի է ունեցել TikTok-ի հեռարձակման ժամանակ՝ սովորական համբույրի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը։
Կրոնական ոստիկանությունը զույգի արարքը շարիաթի կոպիտ խախտում է համարել։ Պատիժն իրականացվել է մարդկանց հսկայական բազմության ներկայությամբ, որոնք պահանջում էին «ավելի ուժեղ հարվածել»։
Տեսանյութերում երևում է, թե ինչպես է կինը ծնկի իջել, մինչ դիմակավորված դահիճը ռոտանգի ճիպոտով հարվածում է նրա մեջքին։ Կինը գոռում է ցավից, ապա կորցնում գիտակցությունը և ընկնում գետնին։ Բժիշկները մոտեցել են՝ զարկերակը ստուգելու համար։
Կնոջը դատապարտել են 21 (այլ տվյալներով՝ 27) հարվածի։ Գիտակցության կորուստը նրան չի փրկի. նահանգի օրենքների համաձայն՝ պատիժը կշարունակվի, հենց որ բժիշկները նրա վիճակը կայուն համարեն։
Աղջկա զուգընկերը նույնպես մտրակահարվել է։ Բանդա-Աչեհ քաղաքի շարիաթական ոստիկանության ղեկավար Մուհամադ Ռիզալը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ շարիաթի օրենքները կիրառվել են թվային տարածքում ակտիվության համար։
Աչեհը Ինդոնեզիայի միակ նահանգն է, որտեղ գործում են շարիաթի խիստ օրենքներ։ Այստեղ քրեորեն պատժելի են չամուսնացածների միջև ֆիզիկական մտերմության ցանկացած դրսևորում, արտաամուսնական սեռական հարաբերությունները, նույնասեռական հարաբերությունները, խաղամոլությունը և ալկոհոլի օգտագործումը։
Նույն օրը մտրակահարվել են ևս մի քանի մարդ՝ մտերմության և խաղամոլության համար։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը, դատապարտել են մարմնական պատիժների կիրառումը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ ունեն մարդուն նվաստացնել։ Սակայն Աչեհում նման միջոցները լայն աջակցություն են վայելում պահպանողական բնակչության շրջանում։

