Հայաստանի նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան. Մխիթար Հայրապետյան

2 Min Read

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հարցազրույց է տվել Apolitical-ի «Government AI Campus» նախաձեռնությանը։ Այս հարթակում հրապարակվում են հարցազրույցներ՝ արհեստական բանականության (ԱԲ) ներդրման, կարողությունների զարգացման և կարգավորման գործընթացներում առաջատար դերակատարում ունեցող երկրների քաղաքականություն մշակողների հետ։

Նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը։ Նշվել է, որ Հայաստանի նպատակն է ԱԲ-ն դարձնել տնտեսական աճի, պետական կառավարման արդիականացման և հանրային ծառայությունների որակի բարձրացման կարևոր խթան։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է զարգացնել թվային ենթակառուցվածքները, ընդլայնել հաշվողական ռեսուրսների հասանելիությունը, խթանել ԱԲ գրագիտությունը և պատրաստել նոր սերնդի մասնագետներ։

Հարցազրույցի առանցքային ուղերձներից մեկը ԱԲ գրագիտությունն էր, որը, նախարարի գնահատմամբ, պետք է ազգային առաջնահերթություն դառնա։ Միայն տեխնոլոգիական ենթակառուցվածքները բավարար չեն։ Անհրաժեշտ է, որպեսզի պետական ծառայողները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները, կրթական համակարգի մասնակիցներն ու քաղաքացիները գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեն՝ ԱԲ գործիքներն արդյունավետ և պատասխանատու կերպով օգտագործելու համար։

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է պետական կառավարման ոլորտում ԱԲ կիրառման հնարավորություններին։ Այն կարող է բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը, բարելավել հանրային ծառայությունների որակը, բացահայտել խարդախությունները և նպաստել տվյալահեն որոշումների կայացմանը։

Միաժամանակ, նախարարը կարևորել է ԱԲ կիրառման ռիսկերի կառավարումը։ Այս տեխնոլոգիան կարող է մասշտաբավորել ոչ միայն արդյունավետությունը, այլև սխալները։ Կողմնակալությունը, անձնական տվյալների պաշտպանության ռիսկերը, կիբեռանվտանգության մարտահրավերները, գեներացված բովանդակությունից կախվածությունը և թափանցիկության պակասը կարող են բացասաբար անդրադառնալ հանրային վստահության վրա։ Այդ պատճառով պետական կառավարման բոլոր ոլորտներում, ներառյալ առողջապահությունը, անհրաժեշտ է պահպանել էթիկայի, մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետվողականության և արդյունավետ վերահսկողության սկզբունքները։

Նախարարն ընդգծել է, որ ԱԲ-ն պետք է աջակցի մարդուն՝ ավելի արդյունավետ որոշումներ կայացնելու գործում, այլ ոչ թե փոխարինի նրան։ Կարևորվել է նաև ԱԲ հնարավորությունների հավասար հասանելիության ապահովումը։ Հայաստանը զարգացնում է ամբողջական էկոհամակարգ, որը համադրում է համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, հասանելի հաշվողական ռեսուրսները, կրթությունը և լայն ներգրավվածությունը։

Խոսելով տեխնոլոգիաների ազդեցության մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ԱԲ-ն կընդլայնի մարդու ստեղծարար ներուժը։ Թվային լուծումներն ու ավտոմատացումը թույլ կտան մարդկանց ավելի քիչ ժամանակ հատկացնել առօրյա տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքներին, ավելի շատ կենտրոնանալ ստեղծարարության, նորարարության, քննադատական մտածողության և մարդկային դատողություն պահանջող որոշումների կայացման վրա։

Share This Article