Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների մասին։
«Այո, մենք պարբերաբար ունեցել ենք տարաձայնություններ։ Նա ԱՄՆ նախագահն է ու անում է այն, ինչը լավ է Միացյալ Նահանգների համար։ Ես հանդիսանում եմ Իսրայելի վարչապետը ու անում այն, ինչը կարևոր է ու լավ Իսրայելի համար»,- CNN-ի եթերում հայտարարել է Նեթանյահուն։
Նեթանյահուն ընդգծել է, որ հարցերի մեծ մասի պարագայում Իսրայելի ու Միացյալ Նահանգների շահերը համընկնում են։ «Խոշոր հարցերի շուրջ մենք համակարծիք ենք, ժամանակ առ ժամանակ դա չի ստացվում, սակայն մենք իրական դաշնակիցներ ենք»,- հավելել է նա։
Վերջին օրերին Իսրայելը քննադատում է Դոնալդ Թրամփի՝ Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի արգելքի վերացման մտադրությունը։ Նեթանյահուն այն կարծիքին է, որ այդ գործարքը կարող է խարխլել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը՝ հավելելով, որ դրա արդյունքում «Թուրքիան չի վերածվի ԱՄՆ-ի համար բարեկամ երկրի»։

