ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նոր թափ է ստացել։ Իրանական ուժերը թիրախավորել են Կիպրոսի դրոշով նավարկող բեռնանավը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ նավը լրջորեն վնասվել է, իսկ անձնակազմից մեկը անհետացել է։ Մնացած անդամները տարհանվել են փրկանավակներով։
Իրանական կողմը պնդում է, որ նավը խախտել է երթուղին, և իրենք նախազգուշական կրակ են բացել։ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Նրանք նշում են, որ ուղին փակ կմնա՝ մինչև ԱՄՆ-ի միջամտության ավարտը։
Ի պատասխան՝ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի շուրջ 140 ռազմական օբյեկտի։ Իրանի նավահանգիստներում պայթյուններ են գրանցվել։ ԻՀՊԿ-ն էլ հարձակվել է ԱՄՆ դաշնակից Հորդանանի ռազմաբազայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։ Դոհայում պայթյուններ են լսվել, Բահրեյնում հայտարարվել է օդային տագնապ։
Հուլիսի 7-ից սկսված այս բախումները կապված են փետրվարին կնքված փոխըմբռնման հուշագրի հետ։ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն ընդունի հուշագրի խախտումը։ Թեհրանը, սակայն, մեղադրում է Վաշինգտոնին՝ նոր պատժամիջոցներ սահմանելու համար։
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել նահատակված առաջնորդի համար։ Չնայած շարունակվող հարձակումներին՝ կողմերի միջև միջնորդավորված բանակցությունները շարունակվում են։

