Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ լայնածավալ պատասխան գործողությունների մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնում է, որ հրթիռային և անօդաչու հարվածներ են հասցվել Հորդանանի, Քուվեյթի, Բահրեյնի և Կատարի ամերիկյան բազաներին։ Այս քայլը Իրանը բացատրում է իր հարավային շրջանների վրա ամերիկյան հարձակումներով։
Ըստ ԻՀՊԿ-ի՝ ԱՄՆ-ը փորձել է ճնշել Օմանին և նավեր է ուղարկել Հորմուզի նեղուց։ Իրանական կողմը հայտնում է, որ խափանել է այդ գործողությունները։ Դրանից հետո ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի հարավի առափնյա բազաներին ու կապի օբյեկտներին։
Իրանական կողմի պնդմամբ՝ պատասխան հարվածների առաջին փուլում խոցվել է Հորդանանի արքայազն Հասանի ավիաբազան։ Երկրորդ փուլում բալիստիկ հրթիռներով հարվածել են Կատարի «Ալ-Ուդեյդ» ավիաբազային։ Իրանը պնդում է, որ ոչնչացրել է տեխնիկական սպասարկման կենտրոնն ու հրամանատարական կետը։
Բացի այդ, Քուվեյթում հարվածել են Patriot հակաօդային պաշտպանության համակարգին, զինամթերքի պահեստին և ռադարներին։ Բահրեյնում վնասվել են ռազմական կապի համակարգերն ու ռադիոլոկացիոն օբյեկտներ։ Իրանը նաև հայտնել է Հորմուզի նեղուցում երկրորդ «թշնամական նավի» կանգնեցման մասին, թեև դա դեռ հաստատված չէ։
Թեհրանը զգուշացրել է, որ ամերիկյան նոր հարվածների դեպքում պատասխանը կլինի ավելի կոշտ։ Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի հրամանով հարվածել են Իրանի օբյեկտներին։ Նպատակը Օրմուզի նեղուցի վերահսկողության հարցում Թեհրանի հնարավորությունները սահմանափակելն է։
ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հայտարարել էին Հորմուզի նեղուցի փակման մասին։ Նրանք նշել են, որ նավագնացությունը կվերսկսվի միայն ամերիկյան ռազմական միջամտության դադարեցումից հետո։

