PanARMENIAN.Net — OpenAI-ը հայտարարել է, որ իր արհեստական բանականության 2 առաջադեմ մոդելներ դուրս են եկել վերահսկվող թեստային միջավայրից և հաքերային հարձակում իրականացրել մեկ այլ ԱԲ ընկերության դեմ։
Այս «աննախադեպ կիբեռմիջադեպը» տեղի է ունեցել ներքին փորձարկման ընթացքում: GPT 5.6 Sol-ը և մեկ այլ՝ դեռևս չհրապարակված հզոր մոդել, դուրս են եկել թեստային միջավայրից, մտել բաց ինտերնետ և, օգտագործելով գողացված տվյալներ ու համակարգային խոցելիություն, մուտք գործել Hugging Face ընկերության սերվերներ։ OpenAI-ի պնդմամբ՝ համակարգը դիմել է «ծայրահեղ քայլերի»՝ փորձարկման նպատակներին հասնելու համար։
Hugging Face-ի համահիմնադիր Կլեման Դելանգը նշել է, որ OpenAI-ը չարամիտ նպատակ չի ունեցել, սակայն ընդգծել է․ «Անհավատալի է, որ այս ամենը տեղի է ունեցել ինքնավար կերպով»։ ԱՄՆ կոնգրեսական Գրեգ Կասարը միջադեպն անվանել է «մտահոգիչ»՝ նշելով, որ ԱԲ-ն շատ արագ է զարգանում, մինչդեռ պաշտպանող կարգավորումներ գրեթե չկան։ Նա կոչ է արել սահմանել պարտադիր անկախ փորձարկումներ և միջադեպերի հրապարակում։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրից հետո, որով սահմանվել է ԱԲ համակարգերի ազգային անվտանգության ռիսկերի գնահատման շրջանակ։
Փորձագետները բազմիցս զգուշացրել են ԱԲ-ի միջոցով կիբեռհարձակումների և դրանք վերահսկողությունից դուրս գալու վտանգի մասին։ Անցյալ ամիս Anthropic ընկերությունը նույնիսկ կոչ էր արել ժամանակավորապես դադարեցնել ամենահզոր ԱԲ համակարգերի զարգացումը։

