Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ N զորամասում արձանագրված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության, իսկ դեպքից առաջ նա ենթարկվել է ծեծի։
Մահացած զինծառայողն առաջին անգամ էր բարձրացել մարտական դիրքեր, ինչն էլ ճակատագրական է դարձել նրա համար։ Իրավապահ համակարգի աղբյուրները հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել են այլ հանգամանքներ և նախատեսվում է երկու անձի ձերբակալություն:
Մահացած զինծառայողը Նարեկ Թորոսյանն է, ով մինչ ծառայության անցնելը սովորում էր Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության բաժնում։
Համալսարանի պաշտոնական էջում հրապարակվել է ցավակցական հայտարարություն.
«Հայ-Ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան»։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար։

