Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս. ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգին

2 Min Read

1in.am — Շոգ եղանակին մաշկը ենթարկվում է լուրջ փորձությունների․ ավելանում է քրտնարտադրությունը, մաշկը հեշտությամբ ջրազրկվում ու գրգռվում է, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են հանգեցնել արևայրուքի, պիգմենտային բծերի, մաշկային հիվանդությունների սրացման և վաղաժամ ծերացման։

Առողջապահության նախարարությունը մի քանի կարևոր խորհուրդ է տալիս այս շրջանում մաշկի խնամքի համար: Առաջին հերթին՝ անհրաժեշտ է ամեն օր արևապաշտպան միջոց կիրառել, ընդ որում՝ ոչ միայն ծովափին, այլև քաղաքում՝ զբոսանքի, աշխատանքի կամ նույնիսկ մեքենայում գտնվելիս: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրանք առավել վտանգավոր են, և այդ պահերին մնալ ստվերում՝ կրելով լայնեզր գլխարկ, արևային ակնոց ու բաց գույնի ազատ հագուստ։

Հատուկ զգուշություն պետք է ցուցաբերեն երեխաները, բաց մաշկ ունեցողները և քրոնիկ մաշկային հիվանդություններով (վիտիլիգո, ռոզացեա, ակնե, ատոպիկ մաշկաբորբ) տառապող մարդիկ։ Շատերը շոգին սկսում են ավելի հաճախ լվացվել ուժեղ միջոցներով՝ մտածելով, որ դա ավելի լավ է, սակայն ագրեսիվ մաքրող միջոցները, սպիրտային լոսյոններն ու սկրաբները վնասում են մաշկի պաշտպանիչ շերտը՝ առաջացնելով չորություն, կարմրություն ու քոր: Դեմքը բավական է լվանալ օրական 1-2 անգամ մեղմ մաքրող միջոցով, իսկ ճարպոտ մաշկը ուժեղ չորացնելը սովորաբար հակառակ արդյունք է տալիս։

Խոնավացնող միջոցը ամռանը նույնպես անհրաժեշտ է, քանի որ արևը, քրտինքը, օդորակիչն ու լողավազանի քլորը ջրազրկում են մաշկը: Կարևոր է մաշկը երկար չթողնել խոնավ վիճակում, որպեսզի կանխվեն քրտնախաշն ու սնկային վարակները: Ամռանը մաշկին պետք է երեք հիմնական բան՝ մեղմ մաքրում, թեթև խոնավացում և արդյունավետ պաշտպանություն արևից:

Share This Article