Factor — Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պարզել է, որ հյուրասիրությունն ապահովել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, և այժմ այնտեղ վերահսկողություն է իրականացվելու:
Բոլոր բուժառուները, պարզվել է համաճարակաբանական հետազոտությամբ, օգտվել են ֆուրշետից, որտեղ մատուցվել են շաուրմա, պեպերոնի պիցցա, խոզի և հավի խորոված, ելակ ու ծովամթերքով բրուսկետա: ՍԱՏՄ-ն անմիջապես սկսել է պարզել, թե որտեղից է ձեռք բերվել այդ սնունդը: Դեսպանատնից նամակ ստացվել է հուլիսի 23-ին, որում հաստատվել է, որ հյուրասիրությունը կազմակերպել է նշված հյուրանոցը:
Տեսչական մարմինը տեղեկությունը ստացել է գրեթե 10 օր հետո, ուստի սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են եղել: Սակայն հանրային առողջության պահպանման նպատակով «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն է իրականացվելու, իսկ արդյունքները կհրապարակվեն: Ֆրանսիայի դեսպանությունն իր հերթին հաստատել է սննդային թունավորման դեպքերը:

