News.am — Հուլիսի 26-ի երեկոյան՝ ժամը 20։18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի նրբանցքներից մեկում գործող գործարանի տարածքում արագիլը հայտնվել է անելանելի վիճակում։ Թռչունը պատահաբար ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ և չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ։
Կանչի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնագետները, որոնք անմիջապես ձեռնամուխ են եղել փրկարարական աշխատանքների իրականացմանը։ Բարդ իրավիճակում հայտնված արագիլին հաջողվել է արագ և անվտանգ դուրս բերել արգելափակումից։
Փրկված թռչունին տեղափոխել են անասնաբուժական կլինիկա՝ անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար։

