168.am — Հայաստանում վարձակալության շուկան թափ է հավաքում, քանի որ ռուսաստանցիների նոր հոսք է գրանցվել, որն արդեն հասել է 2022 թվականի ցուցանիշներին։ Երևանյան անշարժ գույքի գործակալները նկատում են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում բնակարանների վարձակալության գներն աճել են մոտ 30%-ով։
Անշարժ գույքի շուկայում իրավիճակը փոխվել է, քանի որ եթե նախկինում հաճախորդները հիմնականում Երևանում արդեն բնակություն հաստատած մարդիկ էին, ապա այժմ պատկերը բոլորովին այլ է։ Ներկայում գործակալների հաճախորդների 80%-ը կազմում են այն ռուսաստանցիները, որոնք նոր են ժամանել Հայաստան կամ միայն հիմա են պատրաստվում տեղափոխվել։
Պահանջարկի այս նոր ալիքը մեկնարկել է մայիսյան տոներից հետո և շարունակում է աճել՝ հանգեցնելով շուկայում լարվածության։ Մասնագետները նշում են, որ հաճախորդների մի ստվար հատվածն էլ արդեն իսկ սկսել է բնակարաններ փնտրել օգոստոսի վերջի և սեպտեմբեր ամիսների համար, ինչը կանխատեսում է հետագա ակտիվություն։

