Նոր մրցաշրջանի շեմին «Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնական բաց նամակ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ղեկավարությանը և պատասխանատու պաշտոնյաներին։ Ակումբը պահանջում է արմատապես փոխել մոտեցումները մրցավարության, խաղերի կազմակերպման և կարգապահական հարցերում։
Նախորդ մրցաշրջանում թիմը բազմիցս բարձրաձայնել է մրցավարական կողմնապահության և կանոնների կիրառման անհետևողականության մասին։ Ակումբի համոզմամբ՝ որոշումներում հաճախ բացակայել է օբյեկտիվությունը։
Ուշագրավ է մի փաստ. երբ նախորդ մրցաշրջանում «Նոայի» մասնակցությամբ խաղերը սպասարկեցին արտասահմանցի մրցավարներ, թիմը վստահ արդյունքներ գրանցեց (խոշոր հաղթանակներ և ոչ-ոքի), ընդ որում՝ խաղերից երկուսում թիմը չստացավ ոչ մի դեղին քարտ, ինչը բացառություն էր սեզոնի ընդհանուր պատկերում։ Սա, ըստ ակումբի, ապացուցում է, որ խնդիրն իրականում լուրջ է, սակայն միաժամանակ վստահություն կա, որ տեղացի մրցավարներն էլ կարող են աշխատել նույնքան բարձր որակով։
Փոփոխությունների սպասում ֆեդերացիայում Նամակում շեշտվում է, որ ՀՖՖ-ում վերջին կադրային ու կառուցվածքային տեղաշարժերը՝ կապված փոխնախագահի հրաժարականի և նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ առաջիկա ընտրություններին չառաջադրվելու հայտարարության հետ, նոր հնարավորություն են ստեղծում։ «Նոան» հույս ունի, որ այս փուլում հայկական ֆուտբոլում հնարավոր կլինի ստեղծել անկախության, արդար մրցակցության և փոխադարձ վստահության մթնոլորտ։
Հիմնական պահանջներն ու նպատակները Ակումբը հստակեցնում է՝ իրենք արտոնություններ կամ հատուկ վերաբերմունք չեն պահանջում։ Հիմնական սկզբունքը մեկն է՝ հավասար և կանխատեսելի պայմաններ բոլոր ակումբների համար։
Անդրադառնալով եվրոպական մրցաշարերում հայկական չորս ակումբների հաջող մեկնարկին՝ «Նոան» նշում է, որ ուժեղ և արդար ներքին առաջնությունն է ցանկացած միջազգային հաջողության և ազգային հավաքականի ամուր հիմքը։
Վերջում ակումբը հիշեցնում է պարզ ճշմարտություն. «Արդարությունը խնդրանք կամ արտոնություն չէ։ Այն յուրաքանչյուր մրցաշարի կազմակերպչի հիմնարար պարտավորությունն է»։

