Տիբեթյան բարձրավանդակի հյուսիսարևելյան մասում գտնվող Տալատան համալիրում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, քանի որ արևային պանելների տեղադրումից երեք տարի անց տեղի հովիվներն ավելի շատ ոչխար են արածեցնում, քան մինչ շինարարությունն էր։
Սովորաբար նման խոշոր նախագծերի դեպքում տարածքը ցանկապատում են, իսկ տեղացիներին տեղափոխում այլ վայր, սակայն այստեղ ամեն ինչ հակառակ ընթացքն ստացավ։ Պանելները թուլացնում են քամին, հովացնում հողն ու պահպանում խոնավությունը, ինչի հետևանքով բուսականությունն այնքան է աճել, որ ընկերությանը հիմա ոչխարներ են անհրաժեշտ՝ խոտը կտրելու և պանելների ստվերացումն ու ձմեռային հրդեհները կանխելու համար։
Ցինհայ նահանգի Հայնան Տիբեթյան ինքնավար օկրուգի Գունխե գավառում տեղակայված այս հսկայական համալիրը մշակում է State Power Investment Corporation-ի դուստր ձեռնարկությունը՝ Huanghe Hydropower-ը։ Համալիրը համարվում է աշխարհում ամենախոշոր արևային կայանը թե՛ զբաղեցրած տարածքով, թե՛ հզորությամբ․ 2024 թվականի մեջտեղում դրա տեղադրված հզորությունը հասնում էր մոտ 8,430 մեգավատի, իսկ 2026-ին արդեն հաղորդվում էր շուրջ 21 գիգավատի մասին, որը տարեկան արտադրում է ավելի քան 18,000 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա։ Շինարարության ավարտից հետո ֆոտովոլտային պարկը զբաղեցնելու է շուրջ 609 քառակուսի կիլոմետր տարածք՝ ունենալով ավելի քան 7 միլիոն պանել և 60-ից ավելի առանձին օպերատորներ։
Գիտնականներն ամենից մանրամասն ուսումնասիրել են համալիրի մաս կազմող Գունխե ֆոտովոլտային պարկը, որն ընդգրկում է մոտ 64 քառակուսի կիլոմետր։ Մինչ շինարարությունը տարածքի 98․5%-ը ավազուտ էր, և հովիվները ստիպված էին մեծ հեռավորություններ անցնել՝ արոտավայր գտնելու համար։
Պանելների տեղադրումից հետո հողի վրա արևի ուղիղ ճառագայթների նվազումը նվազեցրեց գոլորշիացումը, իսկ պանելները լվանալու ջուրը թափվեց հողի մեջ։ Բացի այդ, պանելների շարքերը ծառայեցին որպես քամուց պաշտպան արգելքներ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քամու արագությունը նվազել է մոտ 50%-ով, հողի գոլորշիացումը՝ 30%-ով, իսկ բուսական ծածկույթը հասել է 80%-ի։
Այս նախագիծը լավ օրինակ է, թե ինչպես կարելի է վերականգնվող էներգետիկայի խոշոր օբյեկտները համատեղել տեղական տնտեսության հետ՝ չզրկելով բնակիչներին իրենց ավանդական ապրուստիմիջոցից։ Ինժեներական լուծումները, ինչպիսիք են պանելների բարձրացումն ու շարքերի լայնացումը, ցույց են տալիս, որ արդյունաբերական մասշտաբի կառույցները կարող են ճկուն լինել։
Սակայն այս փորձը համատարած կիրառելի համարելը վաղաժամ է։ Բույսերի աճն ու հողի խոնավացումը մեծապես կախված են պանելների կանոնավոր լվացումից, ինչը ջրային ռեսուրսների լուրջ ծախս է պահանջում, հատկապես ավելի չորային գոտիներում։

