ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է ամբողջ աշխարհում չեղարկել վիզայի հարցազրույցների նշանակումները, և այս քայլն արդեն ուժի մեջ է մտել բոլոր դեսպանատներում ու հյուպատոսություններում։
Պետդեպարտամենտը հայտնել է, որ այս որոշումը պայմանավորված է հյուպատոսական աշխատակիցների համար համաշխարհային վերապատրաստման ծրագիր գործարկելով, որի ընթացքում վիզային ծառայությունների ընդունելության ժամերը կվերանայվեն ու կճշգրտվեն։
Գերատեսչությունը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է ներառում այդ վերապատրաստումը և որքան ժամանակ այն կտևի, սակայն նշել է, որ նպատակն է հյուպատոսներին սովորեցնել ավելի լավ ճանաչել այն դիմորդներին, որոնք կարող են հետագայում կախված դառնալ ԱՄՆ պետական նպաստներից, ինչպես նաև ապահովել վիզա ստացող բոլոր անձանց միասնական ու հետևողական գնահատում։
Այս որոշումն ուղղակիորեն ազդում է հազարավոր մարդկանց վրա, ովքեր սպասում են ԱՄՆ մեկնելու հնարավորությանը՝ անկախ նրանից՝ աշխատանքի, ուսման, թե ընտանեկան հանգամանքներով։ Փաստորեն, Պետդեպարտամենտը փաստացի փակել է վիզային հիմնական գործընթացը՝ առանց հստակ ժամկետներ նշելու, և դա շատերի համար նշանակում է անորոշ սպասում։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նման լայնածավալ վերապատրաստում անցկացվում միանգամից բոլոր երկրներում, և արդյոք սա ավելի խորը քաղաքական փոփոխությունների սկիզբ չէ մուտքի կանոններում։ Առայժմ չկա պատասխան ո՛չ տևողության, ո՛չ էլ նոր չափանիշների մասին, ուստի առաջիկա օրերին արժե հետևել, թե ինչ լրացուցիչ պարզաբանումներ կտա Պետդեպարտամենտը։

