Հայաստանում նոյեմբերի 1-ից ամբողջությամբ գործում է նոր կենսաչափական փաստաթղթերի համակարգը։ Նոր կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը տրամադրվում են կենսաչափական տվյալները հանձնելուց հետո՝ 14-րդ աշխատանքային օրը։ Փաստաթղթի պատրաստ լինելու մասին քաղաքացին կծանուցվի սահմանված կարգով, իսկ մինչև այդ ծանուցումը ստանալը այն պատրաստ չի համարվում։
Միևնույն ժամանակ, հին նմուշի անձնագրերն ու նույնականացման քարտերը շարունակում են պահպանել իրենց իրավական ուժը՝ մինչև դրանցում նշված վավերականության ժամկետի ավարտը։ Այսինքն՝ գործող փաստաթղթերը նորերով անհապաղ փոխարինելու պարտադրանք չկա։
Սակայն կա մեկ կարևոր պայման․ եթե քաղաքացին դիմել է նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար և արդեն ստացել այն, նախկինում գործող անձը հաստատող փաստաթղթերն ինքնաբերաբար ճանաչվում են անվավեր։
Նոր անձնագիրն ու նույնականացման քարտը հնարավոր է ստանալ միայն այն սպասարկման կետից, որտեղ քաղաքացին հանձնել է կենսաչափական տվյալները։ Փաստաթղթերը տրամադրվում են բացառապես անձամբ։
Նոր համակարգի ներդրումը չի նշանակում, որ բոլոր քաղաքացիները պետք է միաժամանակ փոխեն իրենց անձնագրերը։ Հին փաստաթղթերի վավերականության պահպանումը թույլ է տալիս անցումն իրականացնել աստիճանաբար՝ առանց քաղաքացիներին լրացուցիչ շտապողականության մեջ դնելու։
Այստեղ ուշադրության արժանի է մեկ հանգամանք․ նոր փաստաթուղթ ստանալու դիմումը պարզապես ընթացակարգային քայլ չէ, քանի որ այն ստանալուց հետո նախկին անձնագիրն ու նույնականացման քարտն այլևս իրավական ուժ չեն ունենա։ Հետևաբար, դիմելուց առաջ պետք է հաշվի առնել ոչ միայն նոր փաստաթղթի ստացման ժամկետը, այլև հին փաստաթղթերի կարգավիճակի փոփոխությունը։

