15-ամյա պատանին 2 օր առանց սննդի ու ջրի անցկացրել է շրջված նավակի վրա և ողջ մնացել

3 Min Read

15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել այն բանից հետո, երբ մի քանի օր անցկացրել է Բերինգի ծովի սառը ջրերում գտնվող շրջված նավակի վրա։ Ցավոք, նրա ավագ եղբայրն ու զարմիկը մահացել են։

Երեք ձկնորսները սեպտեմբերի 4-ին դուրս էին եկել Սուրբ Լավրենտիոսի կղզուց և պետք է վերադառնային կիրակի կեսօրին։ Երբ մոտ 5,5 մետրանոց նավակը նախատեսված ժամին չի վերադարձել, անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները։ Երկուշաբթի առավոտյան առափնյա պահպանության անձնակազմը հայտնաբերել է պատանուն, որը նստած էր շրջված նավակի վրա, իսկ մոտակայքում գտնվող ձկնորսական նավն օգնության է հասել ու նրան բարձրացրել տախտակամած։ Ավելի ուշ փրկարարները գտել են նաև նրա երկու հարազատների մարմինները։

Փրկված պատանու մոտ եղել են ցրտահարության հստակ նշաններ։ Նրան փրկած նավի կապիտան Ադամ Ուայթը պատմել է, որ ջրի ջերմաստիճանը ընդամենը 10 աստիճան է եղել։ Պատանին երկու գիշեր անցկացրել է մթության մեջ՝ ամուր բռնվելով նավակից, ինչի համար կապիտանն ընդգծել է նրա արտակարգ տոկունությունը։ Տղան պատմել է, որ եղբայրը դեռ նավակի տակ էր, իսկ զարմիկը մահացել էր փրկվելուց մեկ օր առաջ։

Պատանու մայրը՝ Վինա Կուլովիյին, հայտնել է, որ նավակը շրջվել էր շաբաթ օրը։ Դրանից հետո որդին մոտ երկու օր մնացել է ծովում՝ առանց սննդի ու ջրի։ Տղաները ծով էին դուրս եկել ձուկ որսալու, որպեսզի մսով ապահովեն համայնքի ընտանիքներին, քանի որ ոչ բոլորն ունեն խանութից պարբերաբար գնումներ անելու հնարավորություն։

Դերեք Փարքեր Ագնաանգան այժմ վերականգնվում է տանը։ Մայրը պատմել է, որ տղան չի վախեցել ու ամբողջ ընթացքում աղոթել է։

Ընտանիքն ապրում է Սուրբ Լավրենտիոսի կղզու Սևունգա գյուղում, որտեղ բնակվում է մոտ 800 մարդ։ Բնակիչների մեծ մասը սիբիրյան յուպիկներ են, որոնց համար ձկնորսությունն ու որսորդությունը ավանդական կենսակերպի անբաժան մասն են։ Կուլովիյիի խոսքով՝ իր որդիներին մեծացրել են որպես ընտանիքի կերակրողներ։ Սա սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթ է, երբ որս անելուց հետո սնունդը կիսում են ողջ համայնքի հետ։

ԱՄՆ առափնյա պահպանության Արկտիկական շրջանի հրամանատար, դերծովակալ Բոբ Լիթլը ցավակցություն է հայտնել զոհված ձկնորսների ընտանիքներին և համայնքին։

Այս ողբերգական պատմությունը ցույց է տալիս, թե որքան ծանր ու վտանգավոր պայմաններում են ապրում Հյուսիսի ավանդական համայնքները։ Տեղական ապրուստի հիմնական աղբյուրը որսորդությունն ու ձկնորսությունն են, ինչը հաճախ ստիպում է երիտասարդներին դուրս գալ բաց ծով՝ նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում։

Արկտիկական ջրերում անվտանգության ապահովումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր փոքր բնակավայրերի համար։ Նման դեպքերը ընդգծում են փրկարարական արագ արձագանքման և տեխնիկական հագեցվածության կարևորությունը։

Share This Article