Գլենդելում հայազգի եղբայրները փրկել են տարեցներին այրվող ծերանոցից

2 Min Read

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած ուժգին հրդեհի ժամանակ երկու հայազգի եղբայրների համարձակ քայլերի շնորհիվ հաջողվել է փրկել տարեցների կյանքը։

Միջադեպը գրանցվել է ուրբաթ օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Մաունթին փողոցի 1800 հասցեում գտնվող տարեցների խնամքի կենտրոնում: Երբ շենքից թանձր ծուխ ու բոցեր են բարձրացել, հարևանությամբ ապրող 20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայրը՝ Նարեկ Բազինյանը, գիտակցել են, որ յուրաքանչյուր վայրկյանը կարող է ճակատագրական լինել, և անմիջապես նետվել են օգնության:

«Դուրս վազեցի և մուտքի դռան մոտ նկատեցի բուժքրոջը, ով բղավում էր ու օգնություն կանչում»,— պատմել է Ալեքսը։

Շենքում այդ պահին ութ մարդ է եղել՝ երկու բուժքույր և վեց տարեց, որոնցից շատերը գամված են եղել անկողնուն կամ ի վիճակի չեն եղել ինքնուրույն տեղաշարժվել: Տեսնելով, որ բուժանձնակազմը միայնակ չի կարողանում տարհանել խնամյալներին, իսկ կրակն արագ տարածվում է, եղբայրները մտել են այրվող շենք։

«Երբ ներս մտա, սենյակում տեսա հատակին ընկած տարեցների՝ միացված կաթետերներով: Ոմանք վնասվածքներ ունեին, ոտքերից արյուն էր հոսում: Մենք բոլորին մեկ առ մեկ դուրս բերեցինք»,— հիշում է Ալեքսը։

Իրավիճակը րոպե առ րոպե դառնում էր օրհասական: Նարեկի խոսքով՝ ծխի պատճառով տեսանելիությունը գրեթե զրոյական էր.

«Ներսում տեսա մի տարեց տղամարդու, ում բոցերը պատրաստվում էին կլանել: Բուժքույրը փորձում էր բարձրացնել նրան: Ես արագ բռնեցի տղամարդու ոտքերից և դուրս քաշեցի: Բոցերն ընդառաջ էին գալիս, փորձում էի հնարավորինս արագ գործել»:

Քիչ անց նրանց են միացել ևս երկու հարևաններ։ Ընդհանուր ջանքերով բոլոր վեց տարեցներն անվտանգ դուրս են բերվել և տեղափոխվել շենքի դիմացի սիզամարգ՝ մինչ հրշեջների ժամանումը: Հենց վերջին մարդուն դուրս են հանել, տանը հզոր պայթյուն է որոտացել:

Արագ կողմնորոշման և անձնազոհության շնորհիվ ողբերգությունից հաջողվել է խուսափել: Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարները մարել են կրակը, իսկ հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:

Share This Article