Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակի, և այժմ նրա աշխատանքին հավանություն է տալիս քաղաքացիների ընդամենը 16 տոկոսը, ինչը 5 տոկոսային կետով ցածր է հուլիսի ցուցանիշից։ Սեպտեմբերի 12-ին հրապարակված սոցհարցման համաձայն՝ երկրի ղեկավարի գործունեությունից դժգոհ է հարցվածների 81 տոկոսը։ Անգամ կենտրոնամետ կոալիցիայի աջակիցների շրջանում նախագահին սատարում է ընդամենը 53 տոկոսը։
Զուգահեռաբար նվազում է նաև վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի ժողովրդականությունը, ում աշխատանքը դրական է գնահատում ֆրանսիացիների 20 տոկոսը։ Նախարարների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը՝ 38 տոկոս աջակցությամբ։ Նրան հաջորդում են Լորան Նյունեսն ու Ժան-Նոել Բարոն։
Հարցումն արձանագրել է նաև հասարակության դժգոհության աճը հնարավոր նախագահացուների նկատմամբ։ Ֆրանսիացիների մեծ մասը դեմ է Ժան-Լյուկ Մելանշոնի, Մարին Լը Պենի, Գաբրիել Ատալի և այլ առաջնորդների ընտրվելուն։ Հատկապես կտրուկ վատացել են Էդուար Ֆիլիպի ցուցանիշները, ում հաղթանակից դժգոհ կլիներ հարցվածների 57 տոկոսը։
Փաստացի, նոր քաղաքական սեզոնին ընդառաջ Ֆրանսիայում աճում է դժգոհությունը ինչպես գործող իշխանություններից, այնպես էլ ընդդիմադիր գործիչներից։
Սոցիոլոգիական տվյալների նման կտրուկ անկումը ցույց է տալիս, որ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը խորանում է, իսկ հասարակական դժգոհությունը դուրս է եկել միայն գործող նախագահի անձի շրջանակից։ Երբ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացասաբար է տրամադրված ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմադիր ճամբարի հիմնական դեմքերի նկատմամբ, երկրում առաջանում է քաղաքական լիդերության լուրջ վակուում։
Առաջիկա ամիսներին Ֆրանսիայի իշխանությունների համար ավելի կդվարանա օրենսդրական նախաձեռնություններն ու բարեփոխումներն առաջ տանելը, քանի որ հանրային վստահության նման ցածր մակարդակը զրկում է նրանց քաղաքական հենարանից։

