Թուրքիան և Ադրբեջանը 500 միլիոն դոլարից ավելի ծավալով պաշտպանական համաձայնագրեր են ստորագրել

1 Min Read

Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման մի շարք խոշոր պայմանագրեր են կնքել, ինչպես նաև ստորագրել են համապատասխան փոխըմբռնման հուշագիր։

Ստորագրված փաստաթղթերի ընդհանուր ֆինանսական ծավալը գերազանցում է 500 միլիոն դոլարը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը։ Նրա փոխանցմամբ՝ ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են Ադրբեջանին տարբեր տեսակի ավիացիոն, անօդաչու, ռադարային և հրթիռային ժամանակակից համակարգերի մատակարարում։

Գործարքներին մասնակցում են թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար ընկերությունները։ Մասնավորապես, TUSAŞ ընկերությունը պայմանագիր է կնքել HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման համար։ ASELSAN-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը վերաբերում է ALP-100 ռադարային համակարգերին։ Բացի այդ, BAYKAR ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին փոխանցել Mızrak պարեկող զինամթերքն ու Antidot համակարգը, իսկ ROKETSAN-ը պայմանագիր է կնքել Barbaros առափնյա պաշտպանական համակարգի մատակարարման շուրջ։

Գյորգյունն ընդգծել է, որ այս նոր համաձայնագրերն էապես կնպաստեն երկու երկրների պաշտպանական հնարավորությունների հետագա ամրապնդմանը։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական պայմանագրերի փաթեթն արտացոլում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման ընթացքը։ 500 միլիոն դոլարը գերազանցող գործարքները ներառում են ինչպես հարվածային ու հետախուզական անօդաչու միջոցներ, այնպես էլ ռադարային և առափնյա պաշտպանության համակարգեր։

Այս մատակարարումներն էապես մեծացնում են Ադրբեջանի զինված ուժերի տեխնոլոգիական հագեցվածությունը։ Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների համար սա նաև խոշոր արտահանման պատվեր է, որը հաստատում է Անկարայի դերը տարածաշրջանային սպառազինությունների շուկայում։

Share This Article