Ծավի խմելու ջրում սնդիկի հետքերով․ ի՞նչ է պարզվել նոր հետազոտություններից

2 Min Read

Սեպտեմբերին Սյունիքի Ծավ գյուղի ջրի մի քանի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի սահմանը, ինչից հետո բնակիչներին հորդորել էին ջուրը չօգտագործել նույնիսկ կենցաղային նպատակներով։ Մեկուկես ամիս անց Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանում և արտերկրում կատարված նոր հետազոտությունների համաձայն՝ սնդիկի պարունակությունն արդեն թույլատրելի սահմաններում է, և ջուրը կարելի է խմել։

Սակայն մի շարք հարցեր դեռ անպատասխան են։ Չի հրապարակվել ո՛չ սեպտեմբերին վերցված նմուշներում սնդիկի կոնկրետ կոնցենտրացիան, ո՛չ էլ նոր հետազոտություններով ստացված թվային արդյունքները։

Որքա՞ն սնդիկ կար Ծավի ջրում, որքա՞ն կա հիմա, ի՞նչ փոխվեց մեկուկես ամսվա ընթացքում, և պարզվե՞լ է արդյոք աղտոտման աղբյուրը։ Այս հարցերի պատասխանները կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչի հիման վրա են մասնագետները փոխել ջրի օգտագործման վերաբերյալ իրենց խորհուրդը։

Խմելու ջրի անվտանգության հարցում միայն այն հայտարարությունը, որ ցուցանիշներն այլևս չեն գերազանցում թույլատրելի սահմանը, ամբողջական պատկեր չի տալիս։ Բնակիչների համար կարևոր է հասկանալ ոչ միայն՝ կարելի՞ է հիմա ջուր խմել, այլև՝ ինչ մակարդակի աղտոտում էր արձանագրվել և ինչ տվյալներով են հիմնավորվում նոր եզրակացությունները։

Սնդիկի կոնկրետ կոնցենտրացիաների հրապարակումը հնարավորություն կտար համեմատել սեպտեմբերյան և վերջին չափումները, իսկ աղտոտման աղբյուրի պարզումը՝ հասկանալ՝ խնդիրը վերացե՞լ է, թե՞ դրա պատճառը դեռ պահպանվում է։ Առանց այդ տեղեկությունների դժվար է գնահատել փոփոխության չափը։ Առողջապահության նախարարության հայտարարությունը ջրի օգտագործման վերաբերյալ ներկայիս դիրքորոշումն է ներկայացնում, բայց չափումների ամբողջական տվյալները անհրաժեշտ են նաև հանրային վստահության համար։

Share This Article