ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում աշակերտներին հանձնարարվում է տանը դիտել ռուսական «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան և գրավոր կարծիք ներկայացնել դրա վերաբերյալ։ Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։
«Ռուսաց լեզու 9» դասագիրքը հրատարակվել է 2025 թվականին՝ «Մանմար» հրատարակչության կողմից։ Հեղինակներն են Տ․ Բաբայանը, Մ․ Եղիազարյանը և Ս․ Սամուելյանը։ Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» բաժնում։ Պորտալը գործարկում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որը գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
Դասագրքի 143-րդ էջի 17-րդ առաջադրանքում աշակերտներին առաջարկվում է տանը դիտել սերիալի առաջին սերիան, գրել իրենց կարծիքը և ներկայացնել, թե ինչի շուրջ է այն ստիպել մտածել։ Առաջադրանքը ներառված է «Օրենքներ, իրավունքներ և պարտականություններ» դասի շրջանակում։ Դասագրքում նշված չէ, որ այն ընտրովի է, և բացակայում է նաև տարիքային սահմանափակման մասին զգուշացումը։
Դասի նպատակներից է աշակերտներին անչափահասների իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելը, հակաիրավական վարքագծի հետևանքները բացատրելը և սեփական գործողությունները գնահատել սովորեցնելը։ Նույն բաժնում խոսվում է նաև 14 տարին լրացած անչափահասների աշխատանքային իրավունքների և քրեական պատասխանատվության մասին։
«Слово пацана. Кровь на асфальте»-ը 2023 թվականին թողարկված ութ սերիանոց ռուսական քրեական դրամա է։ Այն պատմում է 1980-ականների վերջին փողոցային հանցավոր խմբավորումների և դրանցում դեռահասների ներգրավվածության մասին։ Սերիալում կան ծեծկռտուքների, ֆիզիկական բռնության և անչափահասների նկատմամբ բռնության տեսարաններ, այդ թվում՝ աշակերտներին դիտելու հանձնարարված առաջին սերիայում։
«Ռոստելեկոմի» պաշտոնական կայքում 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակված հաղորդագրության մեջ սերիալի տարիքային սահմանափակումը նշված է որպես 18+։ Նույն սահմանափակումը գործում է նաև սերիալի պրեմիերայի պաշտոնական հարթակներից մեկում՝ Wink առցանց կինոհարթակում։
Այս դեպքը հարցեր է առաջացնում ոչ միայն կոնկրետ առաջադրանքի ընտրության, այլև դասագրքերի փորձաքննության գործնական արդյունքի վերաբերյալ։ Եթե դասագրքի նպատակն անչափահասներին հակաիրավական վարքագծի հետևանքները բացատրելն է, ապա այդ նպատակի համար ընտրված նյութը պետք է համապատասխանի նաև աշակերտների տարիքին։ Հակառակ դեպքում ուսումնական նպատակը կարող է երկրորդ պլան մղվել, իսկ առաջադրանքը՝ ընկալվել որպես բովանդակության սովորական դիտման հանձնարարություն։
Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ խոսքը նախարարության երաշխավորած դասագրքի մասին է, որի գնահատման կարգն ուղղակիորեն նախատեսում է տարիքային հոգեբանության ուսումնասիրություն և մանկավարժ-հոգեբանի մասնակցություն։ Հետևաբար խնդիրը միայն այն չէ, թե ինչու է ընտրվել հենց այս սերիալը, այլև այն, թե փորձաքննության ընթացքում ինչպես է գնահատվել դրա համապատասխանությունը 9-րդ դասարանի աշակերտներին։ Նախարարության մասնագիտական բաժինների քննարկումը հնարավորություն է տալիս անդրադառնալ նաև այս հարցերին։
Մինչև 2029 թվականը գործածության համար նախատեսված դասագրքի դեպքում խնդրի պարզաբանումը հատկապես կարևոր է, քանի որ այն վերաբերում է ոչ թե մեկանգամյա հրապարակման, այլ կրթական նյութի կիրառմանը։ Պետք է հստակ լինի նաև՝ առաջադրանքը պահպանվելու է նույն տեսքով, թե նախարարությունը վերանայելու է դրա բովանդակությունը։

