«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ

1 Min Read

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երկարամյա համախոհ Միքայել Մելքումյանը, ըստ ամենայնի, դադարեցրել է իր կապերն այդ կուսակցության հետ և լքել նրա շարքերը։ Նշվում է, որ Մելքումյանը Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական ցուցակում 13-րդ տեղում էր։ Նա այն սակավաթիվ կուսակցականներից էր, ում Ծառուկյանը, իշխանափոխությունից հետո, շարունակում էր պահել իր մերձավոր շրջապատում։ Բացի այդ, Մելքումյանը հաղորդում էր վարում Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերությունում։

Ինչ վերաբերում է նրա՝ կուսակցությունից հեռանալու հնարավոր դրդապատճառներին այս բարդ ժամանակահատվածում, աղբյուրները նշում են, որ Մելքումյանը, հավանաբար, մտավախություն է ունեցել իշխանությունների ճնշումներից։ Մասնավորապես, նա կարող էր մտածել, որ իրեն կզրկեն Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու հնարավորությունից։ Չի բացառվում նաև, որ նրան պարտադրել են հեռանալ կուսակցության շարքերից։

Թերթի խմբագրությանը երեկ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ից։ Միքայել Մելքումյանը, պատասխանելով զանգին, լսել է հարցը, սակայն պատասխանելու փոխարեն նշել է, որ այդ պահին զբաղված է ուսանողներից քննություն ընդունելով։ Նույնիսկ այն խնդրանքին, որ գոնե հաստատի կամ հերքի կուսակցությունից հեռանալու լուրը, Մելքումյանը հրաժարվել է արձագանքել։

Share This Article