Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի դատարանը վճիռ է կայացրել Մարիուս Բորգ Հոյբիի գործով՝ դատապարտելով 29-ամյա երիտասարդին չորս տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել բռնաբարության երկու դրվագով, որոնց վերաբերյալ ցուցմունքներ էին տվել չորս կին։
Ընդհանուր առմամբ, Հոյբիին մեղադրանք է առաջադրվել 40 կետով, որոնցից 34-ի մասով նա մեղավոր է ճանաչվել: Այս մեղադրանքները ներառում էին նախկին ընկերուհու նկատմամբ կիրառված ընտանեկան բռնությունը, ինչպես նաև թմրամիջոցների պահպանման և տարածման հետ կապված հանցագործությունները, տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Միաժամանակ, նա արդարացվել է բռնաբարության վերաբերյալ երկու այլ մեղադրանքի կետով։
Դատախազությունը Հոյբիի համար պահանջել էր յոթ տարի և յոթ ամիս ազատազրկում։ Ինքը՝ ամբաստանյալը, հերքում էր իր դեմ ներկայացված ամենածանր մեղադրանքները, սակայն ընդունել էր որոշ ավելի թեթև մեղադրական դրվագներ։
Մարիուս Բորգ Հոյբին Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի որդին է՝ նրա առաջին ամուսնությունից։ Նշենք, որ նա ժառանգական իրավունք չունի թագին։ Մետտե-Մարիտն ամուսնացել է Նորվեգիայի գահի ժառանգորդ թագաժառանգ արքայազն Հակոնի հետ, երբ Հոյբին ընդամենը չորս տարեկան էր։

