Հնդկաստանում մեկ շաբաթով արգելափակել են Telegram-ը

1 Min Read

Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ Հնդկաստանի իշխանությունները մինչև հունիսի 22-ը երկրի տարածքում արգելափակել են «Telegram» հաղորդագրությունների հավելվածը։ Այս սահմանափակումները կիրառվել են օրենքի համաձայն, որը կառավարությանը լիազորում է արգելափակել կայքերն ու հավելվածները՝ «Հնդկաստանի ինքնիշխանության շահերից ելնելով»։

Կրթության նախարարության տվյալներով՝ «Telegram»-ը չարաշահվել է խարդախների կողմից՝ բժշկական բուհերի ընդունելության համապետական քննությանը (NEET) պատրաստվող դիմորդներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Հնդկական կառավարությունը հայտարարել է, որ մեսենջերի արգելափակումը ժամանակավոր բնույթ է կրում։

NEET-ը Հնդկաստանի բժշկական քոլեջներ ընդունվելու հիմնական քննությունն է։ 2026 թվականին այն կայացել է մայիսի 3-ին, և ամբողջ երկրից մասնակցել է շուրջ 2,28 միլիոն մարդ։ Քննությունից ընդամենը մի քանի օր անց լուրեր են տարածվել հարցաշարերի նախնական արտահոսքի մասին, ինչը հանգեցրել է ծնողների և դիմորդների շրջանում մեծ դժգոհությունների և բողոքի ալիքի։

Իրավիճակի պատճառով՝ քննության անցկացման համար պատասխանատու Թեստավորման ազգային գործակալությունը չեղարկել է քննության արդյունքները և որպես վերահանձնման օր սահմանել հունիսի 22-ը։

Share This Article