Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ղեկավար, ավիացիայի մարշալ Ռիչարդ Նայթոնը նախազգուշացրել է, որ պաշտպանական ոլորտի ներկա ֆինանսավորման ծրագրերն անբավարար են, և եթե լրացուցիչ միջոցներ չհատկացվեն, երկրի բանակը ստիպված կլինի սահմանափակել մարտական պատրաստության և օպերատիվ գործունեության ծավալները։ BBC News-ի փոխանցմամբ՝ Նայթոնը նշել է, որ կառավարության պաշտպանական ներդրումների ծրագիրը չի ապահովում բանակի առօրյա գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորումը կարճաժամկետ հեռանկարում։ Խոսքը վերաբերում է օպերատիվ ակտիվությունը, զորավարժությունները և մարտական պատրաստությունը հնարավոր դարձնող միջոցներին, որոնք, առանց ֆինանսական ծրագրի փոփոխությունների, մեծ ճնշման տակ կհայտնվեն։
Ավելի վաղ Ջոն Հիլին հրաժարական էր ներկայացրել Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարի պաշտոնից՝ պնդելով, որ առաջարկվող ֆինանսավորումը կթուլացնի զինված ուժերի մարտական պատրաստվածությունը և կմեծացնի զինծառայողների անվտանգության ռիսկերը մարտական գործողությունների ժամանակ։ Նա ընդգծել էր, որ իր հեռացումն անհրաժեշտ էր «բրիտանական բանակի և երկրի միջազգային դաշինքների ապագան ապահովելու համար»։ Հիլին նաև քննադատել էր գանձապետարանին՝ հայտարարելով, որ Բրիտանիայի հնարավոր հակառակորդները հաշվի չեն առնում կառավարության բյուջետային սահմանափակումները։
Կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 3,5%-ին հասցնելու մտադրության մասին՝ ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակում։ Սակայն Հիլիի հրաժարականից հետո պաշտպանական ներդրումների ծրագրի հրապարակումը հետաձգվեց։ Նոր պաշտպանության նախարարն այժմ վերանայում է միջոցների բաշխումը, սակայն լրացուցիչ ֆինանսավորման մասին տեղեկություններ դեռ չկան։ Հիլին նախկինում պնդում էր, որ գործող ծրագիրը ծախսերի չափազանց դանդաղ աճ է նախատեսում՝ չապահովելով զինված ուժերի մարտունակության արագ բարձրացումը մոտակա տարիներին, մինչդեռ մինչև 2030 թվականը ՆԱՏՕ-ի շատ երկրներ պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի 3%-ը և ավելին։
Հիլիի հրաժարականին հաջորդեց նաև զինված ուժերի հարցերով նախարար Ալ Քարնսի հեռացումը, ով իր հերթին հայտարարեց, որ պաշտպանական ծրագրի ներդրումների մակարդակը բավարար չէ և հաշվի չի առնում պատերազմ վարելու ժամանակակից ձևերի, մասնավորապես՝ անօդաչու տեխնոլոգիաների զարգացումը։
Ի պատասխան այս մտահոգությունների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ կառավարությունն ավելացնում է պաշտպանական բյուջեն՝ ՀՆԱ-ի 2,3%-ից հասցնելով 2,6%-ի, և միջոցներ է վերաբաշխում այլ գերատեսչություններից։ Նա հավելել է, որ պաշտպանության նոր նախարարն արդեն իսկ զբաղվում է պաշտպանական ծրագրի շրջանակում առաջնահերթությունների և ծախսերի կառուցվածքի վերանայմամբ։

