Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որն ընդգրկում է 34 անհատի և 47 կազմակերպության։ Բրյուսելը նշում է, որ այս սահմանափակումները թիրախավորում են այն անձանց և կառույցներին, որոնք, իր գնահատմամբ, կապ ունեն ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի, նավթի արտահանման, «ստվերային նավատորմի» գործունեության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և անօդաչու թռչող սարքերի արտադրության ու մատակարարման հետ։
Պատժամիջոցների ենթարկված ֆիզիկական անձանց շարքում է ադրբեջանցի գործարար Թահիր Գարաևը։ Բացի այդ, սահմանափակումներ են կիրառվել 24 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ԵՄ տվյալներով, ներգրավված են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրմանն ու արտահանմանը, այդ թվում՝ «ստվերային նավատորմի» նավերի կիրառմամբ։
Սահմանափակումների ցանկում ընդգրկվել է նաև Սումգայիթում գրանցված Global Ship Solutions LLC ընկերությունը։ ԵՄ փաստաթղթերի համաձայն՝ այս ընկերությունն ապահովում է Fulger, Deneb և Odune նավերի տեխնիկական կառավարումը։ Բրյուսելը պնդում է, որ նշված նավերն օգտագործվել են ռուսական նավթի և նավթամթերքի փոխադրման համար և կապված են եղել նավերի ավտոմատ նույնականացման համակարգերի հետ մանիպուլյացիոն գործելակերպի հետ։
ԵՄ որոշման մեջ նշվում է, որ ընկերությունը կառավարում է ռուսական էներգակիրների տեղափոխմանը մասնակցող նավերը և, եվրոպական իշխանությունների կարծիքով, կապ ունի այնպիսի գործունեության հետ, որը Միջազգային ծովային կազմակերպության կողմից դասվում է նավագնացության բարձր ռիսկային մեթոդների շարքին։
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Odune լցանավը, որի տեխնիկական կառավարողն է հանդիսանում Global Ship Solutions LLC-ն։ Այս նավը դեռ 2025 թվականին արդեն ներառվել էր Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցանկերում։ Նրա առևտրային կառավարումն իրականացնում է Ադրբեջանում գրանցված Night Moon Navigation LLC ընկերությունը։
Ադրբեջանական կազմակերպություններից բացի, սահմանափակումներ են կիրառվել նաև Ռուսաստանում, Լիբերիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հոնկոնգում գրանցված մի շարք այլ ընկերությունների նկատմամբ։

