ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցություններ, այլ նրա վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիներ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան՝ ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։
«Ցավոք, մենք այժմ բանակցությունների մասին չենք խոսում», – ասել է Կոշտան՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ չէ երկխոսության։
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն չի ցանկանում միջնորդ լինել, այլ կանգնած է Ուկրաինայի կողքին և աջակցում է նրան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ բանակցությունների։ Այս մասին ավելի վաղ հիշեցրել էր նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ընդ որում, ըստ Պեսկովի, Եվրամիությունը «հիմարությունից կամ անկարողությունից» մոլորված է՝ փորձելով Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից կամ ելնելով ՌԴ իբր թուլությունից։

